Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը մերժվել է։ Այս մասին «Հետք»-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Նշենք, որ Կաթողիկոսի փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել նախաքննական մարմնին, որպեսզի վերացնեն «բացակայելու» արգելք խափանման միջոցը՝ Վրաստանի հոգևոր առաջնորդի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով։ Սակայն այդ միջնորդությունը 2026թ. մարտի 20-ին չի բավարարվել, ինչը նշանակում է, որ Գարեգին Երկրորդը չի կարող մեկնել Վրաստան։
Հիշեցնենք՝ Գարեգին Բ-ն և այլ բարձրաստիճան հոգևորականներ մեղադրվում են կարգալույծ հռչակված Գևորգ Սարոյանին վերաբերող դատական ակտը չկատարելու համար։
Մեղադրանքներ են առաջադրվել նաև Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին, Հովնան եպիսկոպոս Հակոբյանին, Մակար եպիսկոպոս Հակոբյանին, Մուշեղ եպիսկոպոս Բաբայանին, Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանին, Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին և Մովսես քահանա Սահակյանին։ Վերջինս Գերագույն հոգևոր խորհրդի քարտուղարն է։ Նրանց նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter