ԱԳ նախարար․ 52 երկրի քաղաքացի է հեռացել Իրանից Հայաստանի տարածքով

ԱԳ նախարար․ 52 երկրի քաղաքացի է հեռացել Իրանից Հայաստանի տարածքով

21 մարտի 2026 – 11:04 AMT

PanARMENIAN.Net52 երկրի քաղաքացի է հեռացել Իրանից Հայաստանի տարածքով, հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մասկատում՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում։

Նա նշել է, որ Իրանի և Հայաստանի սահմանին սովորականից էականորեն տարբեր մեծ հոսք չի նկատվել՝ հավելելով, որ փետրվարի 28–ից, մեր դեսպանությունները, դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկներն աշխատել են արտակարգ ռեժիմով, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

«Իրանում, օրինակ` մեր դեսպանության հետ կապ են հաստատել, շատ զարմանալի է կարծում եմ, բայց ընդամենը ՀՀ 2 քաղաքացի, և նրանց վերադարձի հարցում դեսպանությունը ցուցաբերել է անհրաժեշտ օգնությունը։ Հայաստան-Իրան սահմանն օգտագործել են նաև շատ այլ երկրների դիվանագետներ, այդ հաստատությունների աշխատակիցներ և նաև ուղղակի քաղաքացիներ։

Հետաքրքիր թիվ, ուղղակի նաև ի գիտություն՝ 52 երկրի քաղաքացիներ օգտվել են Հայաստանի Հանրապետության տարածքից, ուղղակի այդ իրավիճակից դուրս գալու համար, որը, կարծում եմ, շատ շոշափելի թիվ է: Կրկին, մի դեպքում վիզաներ կան՝ պահանջվում են, մի դեպքում՝ ոչ, և այդ պրոցեսը դյուրացնելու անհրաժեշտություն կա:

Ունենք քաղաքացիներ, որոնք ուղղակի ցանկություն չեն հայտնում դուրս գալու։ Կան ուսանողներ, որոնք ուզում են մնալ, շարունակել իրենց ուսումը։ Կան այդ երկրներում աշխատող ՀՀ քաղաքացիներ, որոնք պայմանագրային պարտավորություններ ունեն և չեն ուզում առայժմ դուրս գալ»,– ասել է նախարարը։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ:

Leave a Comment