«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ երկրի ապագա իշխանությունների հիմնական գործիքակազմը պետք է լինի ոչ թե ռազմական ուժը, այլ ուժեղ դիվանագիտությունը։
Ավելի վաղ՝ մարտի 20-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ընդդիմության հավակնությունները կարող են նոր զինված հակամարտություն հրահրել, եթե նրանք իշխանության գան։ Նա մեղադրել է ընդդիմադիր ուժերին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանները վերանայելու մտադրության մեջ, ինչը կարող է հանգեցնել նոր պատերազմի։
«Փաշինյանը նորից խաղաղություն է խոստանում մեզ, նա խաղաղություն է խոստացել մեզ 2018 թվականին, բերել է Արցախյան պատերազմը, նա խաղաղություն է խոստացել մեզ 2021 թվականի ընտրություններին, բերել է Ջերմուկի պատերազմը և բերել է Արցախի հայաթափումը։ Այսօր նորից նոր հանդգնությամբ նա խոստանում է մեզ խաղաղություն», – նշել է Կարապետյանը։
Նա Հարավային Կովկասը անվանել է խաղաղ առևտրի պոտենցիալ կենտրոն։ Նրա խոսքով՝ Հայաստանի երկարաժամկետ անվտանգությունը հնարավոր է խաղաղության համաձայնագրի գործընթացում տարածաշրջանում մի քանի երաշխավորների մասնակցությամբ։
Նա ընդգծել է, որ նման համաձայնագրի հետապնդումը պետք է լինի առաջնահերթություն, այլ ոչ թե «թույլ խաղաղություն», որի դեպքում երկրի անվտանգությունը կախված կլինի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կամքից։
«Մեկ, երկու, երեք երաշխավորի հնարավորություն կա, քանի որ տարածաշրջանը հայտնվել է արևելք-արևմուտք առևտրային ճանապարհների, առևտրային ուղու կիզակետում, որպես ամենախաղաղ պոտենցիալ ուղի։ Այդ խաղաղ առևտուրը երաշխավորելու համար մենք տեսնում ենք, որ կունենանք մեկից ավելի երաշխավոր, հյուսիս-հարավ ֆորմատի շրջանակներում, արևելք-արևմուտք ֆորմատի շրջանակներում։ Հայաստանը վերածվելու է խաղաղության օազիսի տարածաշրջանում՝ ուժեղ առաջնորդության դեպքում», – ընդգծել է Կարապետյանը։
Նա հիշեցրել է, որ Փաշինյանը իշխանության սկզբում, Ադրբեջանը Հայաստանի համեմատ 2,5 շատ զենք ուներ, բայց այժմ այդ տարբերությունը մեծացել է մինչև 8 անգամ։
«Ուժեղ Հայաստանն» առաջարկել էր 6 լուծում՝ ՀՀ անվտանգային համակարգն ամրապնդելու համար։
Փետրվարի 11-ին Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ ընտրություններում քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն է: Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ դեկտեմբերի 30-ից, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։ Դատարանը մարտի 14-ին ևս մեկ ամսով երկարաձգել էր նրա տնային կալանքը:
