Ֆինլանդիան ամենաերջանիկ երկիրն է, Թուրքիայում երջանկությունը պակասել է 30 տոկոսով․ մարտի 20-ը երջանկության միջազգային օրն է

Մարտի 20-ը երջանկության  միջազգային օրն է։ Նման օր հիմնելու գաղափարը ՄԱԿ-ինն է։ Հեղինակների կարծիքով՝ երջանկության ձգտումը համամարդկային է ու բոլոր ջանքերը պետք է ուղղվեն այդ ձգտումն իրագործելուն:

Օրվան ընդառաջ՝ գիտական կենտրոնները հետազոտություններ են անցկացրել ու պարզել, թե որ երկրներում են մարդիկ իրենց ավելի երջանիկ զգում։

Առաջատարը Ֆինլանդիան է, հաջորդում են Իսլանդիան ու Դանիան։ Դասակարգման ցուցանիշը կազմվում է՝ կյանքի միջին տևողության, բարեկեցության և բնապահպանական միջավայրի տվյալների վրա։

Վիճակ կամ զգացողություն, որին ձգտում են բոլորը, հաճախ չկարողանալով ձևակերպել կամ սահմանել այն։ Ոմանց համար երջանկությունը հաջողությունն ու բարիքներն են, մյուսների համար այն հոգեկան խաղաղության, կյանքի իմաստը գտնելու ու բարիք գործելու մեջ է։

Օքսֆորդի համալսարանի բարեկեցության հետազոտական ​​կենտրոնը հրապարակել է «Աշխարհի երջանկության զեկույցը»։ Աշխարհի ամենաերջանիկ երկիրն արդեն իններորդ անգամ անընդմեջ Ֆինլանդիան է: Սկանդինավյան մյուս երկրները նույնպես հեռու չեն. Իսլանդիան և Դանիան աշխարհի ամենաերջանիկ երեք երկրների թվում են, իսկ Շվեդիան և Նորվեգիան համապատասխանաբար հինգերորդ և վեցերորդ տեղերում են:

Գիտնականները նշում են, որ սկանդինավյան մտածելակերպը և սոցիալական կառուցվածքը զգալի դերակատարում ունեն բնակչության բարեկեցության ապահովման գործում: Երկրների դասակարգման ցուցանիշը կազմվում է՝ հիմնվելով երեք չափանիշների վրա՝ կյանքի միջին տևողություն, բարեկեցություն և բնապահպանական միջավայր։

Ipsos մարքեթինգային հետազոտությունների ընկերությունը նույնպես տարբեր երկրներում անցկացրել է երջանկության ամենամյա ուսումնասիրություն: Ընկերությունн աշխարհի տարբեր երկրներում նման հետազոտություն անցկացնում է արդեն 15-րդ անգամ։

2026 թվականին ընկերությունը հարցում է անցկացրել աշխարհի 29 երկրներում ավելի քան 23 000 մարդկանց շրջանում: Հարցվածների տարիքը տատանվել է 16-ից 74 տարեկանների սահմաններում:

Ըստ զեկույցի՝ Գերմանիայում հարցվածների ավելի քան 72 տոկոսը իրեն երջանիկ է համարում։  Ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 8 տոկոսով, երկրի վարկանիշը բարձրացրել հինգ հորիզոնականով:

Ipsos-ի հետազոտողները նշում են, որ բարձր եկամուտ ունեցող տարեցներին  իրենց ամենաերջանիկն են համարում։ Սա միտում է, որը նկատվում է ողջ աշխարհում:

Ո՞ր գործոններն են գերմանացիների համար կարևոր երջանկության համար: Հարցվածների 40 տոկոսը ինքնագնահատականի և սիրո զգացումը նշել է որպես երջանկության հիմնական աղբյուր:

Ընտանիքն ու երեխաները երկրորդ տեղում են, ապա հաջորդում են մտավոր ու ֆիզիկական առողջությունը, ֆինանսական վիճակը և բնակարանով ապահովվածությունը:

Տնտեսական և քաղաքական իրավիճակը, կրոնը և սոցիալական ցանցերը ամենաքիչ ազդեցությունն ունեն «գերմանական երջանկության» վրա։

29 երկրների շրջանում իրեն երջանիկ է համարում հարցվածների ընդհանուր թվի 74 տոկոսը։ Առաջատարն այս սանդղակում Ինդոնեզիան է։ Հարավային Ասիայի այս երկրում հարցվածների 86 տոկոսն իրեն երջանիկ է համարում։ Ամենացածր միավորները գրանցվել են Հունգարիայում, Հարավային Կորեայում և Թուրքիայում։ 2011 թվականին արված առաջին ուսումնասիրությունից ի վեր ամենամեծ անկումն ի դեպ գրանցվել է Թուրքիայում․ այստեղ երջանիկ մարդկանց թիվը նվազել է 30 տոկոսով։

Կան երկրներ, որտեղ կառավարությունները նույնիսկ որպես գլխավոր նպատակ են սահմանել քաղաքացու երջանկությունը։

Չինաստանի ու Հնդկաստանի միջև գտնվող Բութանում, օրինակ, երջանկությունը սահմանադրական նորմ է։ Հիմնական փաստաթղթի 9-րդ հոդվածում ամրագրված է, որ կառավարության գլխավոր նպատակը յուրաքանչյուր քաղաքացու երջանկությունն ապահովելն է։ Երկիրը նույնիսկ երջանկության նախարարություն ունի, ինչը սակայն չի օգնել այդ երկրին աշխարհի երջանիկ երկրների սանդղակում առաջատար դիրք զբաղեցնել։ Բութանում չկա ընդունված համախառն ներքին արդյունքի հասկացություն, այն փոխարինվել են համախառն ազգային երջանկության գործակցով:

«Ավելի երջանիկ դառնալու արվեստը և գիտությունը» գրքի համահեղինակ, CBS News-ի համակարգող Արթուր Բրուքսը պնդում է, որ երջանկությունը զգացողություն չէ։

«Երջանկությունը զգացողություն չէ, սա բոլորի թույլ տված ամենամեծ սխալն է։ Երջանկությունն այն է, որ ես ուզում եմ վաղը երջանիկ զգալ։ Սա աներևակայելի լավ նորություն է, քանի որ մեր զգացմունքները գոյություն ունեն, որ կարողանանք ճիշտ արձագանքել արտաքին աշխարհին։ Բացասական զգացմունքները նշանակում են, որ կա սպառնալիք։ Դրական զգացմունքները նշանակում են, որ կա հնարավորություն։ Սա է ամբողջը»։

Պոլսի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը ի տարբերություն աշխարհիկ ընկալումներին երջանկության այլ բացատրություն է տալիս։

«Հոբը արդար մարդ էր, շիրակ մարդ էր, հավատացյալ էր, բայց միանգամից ամեն ինչ կորցրեց՝ իր ընտանիքը անդամներին, իր ողջ հարստությունը, իր առողջությունը և մարդիկ գալիս էին ու ինչ մեղք ես գործել, որ այս բանը քեզ պատահեց։

Այս կյանքում մարդու ապրելու նպատակը երջանիկ լինելը չէ։ Այս կյանքում մարդու ապրելու նպատակը փորձվելն ու այդ փորձությունից հաղթանակած դուրս գալն է, իր նկարագիրը հաստատելն է»։

Leave a Comment