Շենգավիթ վարչական շրջանում բակային մաքրուհի աշխատող Աիդա Մխիթարյանի նկատմամբ բռնության ենթարկելու միջադեպով իրավապահները վարույթ են հարուցել:
Քնչական կոմիտեից Armenia Today-ին տեղեկացել են, որ վարույթը նախաձեռնվել է պաշտոնատար անձի կողմից ծառայողական լիազորությունները չարաշահելու հոդվածի ՔՕ 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (պաշտոնատար անձի լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարով-խմբ․):
Մարտի 20-ին սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ արձանագրված է միջադեպ՝ մի խումբ անձանց մասնակցությամբ։ Չնայած կադրերում դեմքեր չեն երևում, ձայնագրության մեջ լսվող վեճի մասնակիցները, ըստ նախնական տեղեկությունների, կին և թաղապետարանի հավանական աշխատակիցներ են։ Տեսագրության մեջ լսվում է, թե ինչպես են փորձում կանգնեցնել տղամարդուն, որն ի պատասխան հայտարարում է՝ «թող, ինչ ուզում է՝ թող լինի»։
Ավելի ուշ Մխիթարյանն «Ազատությանը» պատմել է, որ թաղապետարանի աշխատակիցների հետ դեպքը վեճի մի մասն է։ Նա նշել է, որ «փետրվարին թաղապետարանում կոմունալ բաժնի ղեկավարն ու ենթակաները հայհոյել են իրեն, ծեծել ու քաշքշելով դուրս հանել շենքից»։
Նրա խոսքով՝ դեպքին նախորդել է կոմունալ բաժնի պետի դժգոհությունը, ինչն սկսվել է այն բանից հետո, երբ ինքը կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է իրականացրել և պահանջել վերանորոգել իրենց շենքի տանիքը։
Մխիթարյանը պնդում է, որ դրանից հետո չեն հաշվարկել իր աշխատած օրերը, նվազեցրել են աշխատավարձը, ապա ազատել աշխատանքից
