«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանն Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդմանն անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին, կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգմանը, Արցախի թեմային, Ադրբեջանի քաղաքականությանը և խաղաղության գործընթացին։ Նա նշել է, որ այս թեմաները փոխկապակցված են և ազդում են Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական օրակարգի վրա։
Դավթյանն ընդգծել է, որ Կարապետյանի նկատմամբ կիրառված կալանքը մատնանշում է գործարարի նկատմամբ քաղաքական ճնշումը շարունակելու իշխանությունների տրամաբանությունը։
«Մարդուն քաղաքական հետապնդման ենթարկել, այն էլ սովորական բառակապակցության համար, խոսում է հենց այսօրվա իշխանությունների վախերի մասին։ Իրենք հասկանում են, որ ընտրություններում լուրջ խնդիր ունեն»,- նշել է նա։
Դավթյանի դիտարկմամբ՝ Կարապետյանի կալանքի երկարաձգումը իշխանության համար հակառակ էֆեկտ է ունենում՝ «Ուժեղ Հայաստանի» նկատմամբ հասարակության աջակցությունն աճում է։
Խոսելով Արցախի թեմայից՝ Դավթյանը նշել է, որ իր քաղաքական թիմը չի փորձում անտեսել ստեղծված իրավիճակը։ Նա շեշտել է՝ իրենց քաղաքական ուժը չի սկսելու «զրոյական կետից», ինչպես ներկայիս իշխանությունը 2018-2019 թվականներին։
«Մենք ունենք դաժան ու դառը իրականություն՝ պարտություն, Արցախի կորուստ, ստորագրված փաստաթղթեր, որոնք չեն բխում հայ ժողովրդի և պետականության շահերից։ Մենք հաշվի ենք առնում այս իրողությունը։ Քաղաքական դաշտ գալով՝ փորձելու ենք կործանման անիվը կանգնեցնել։ Առաջին հերթին դիվանագիտական և բանակցային գործընթացներում պետք է ճիշտ ձև ներկայացնել Հայաստանի և հայ ժողովրդի, մասնավորապես արցախահայերի շահերը»,- կարևորել է Դավթյանը։
Փորձագետը նաև կասկածի տակ է դրել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը՝ հայտարարելով, որ այն իրական խաղաղություն չի ապահովում։
«Գործընթացները, որոնք կան խաղաղության օրակարգում, խաղաղություն չեն։ Սա խաղաղության փուչիկ է, որի մեջ երկարատև խաղաղության ֆունդամենտներ չկան։ Ալիևը խոսում է Սահմանադրություն փոխելու մասին, խոսում է ադրբեջանցիների վերադարձի մասին։ Ուլտիմատումների լեզվով խաղաղություն չի լինում»,- հավելել է Դավթյանը։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ Հայաստանն ունի հավասարակշռված արտաքին քաղաքականության կարիք։
«Մենք պետք է հարաբերություններ ունենանք տարբեր ուժային կենտրոնների հետ, ոչ թե կախված լինենք մեկից։ Եթե բալանսավորված քաղաքականություն լինի, պատերազմի հավանականությունը կտրուկ նվազում է»,- ասել է նա։
Անդրադառնալով առաջիկա ընտրություններին՝ Դավթյանը նշել է, որ իրենց թիմը ծրագրային մոտեցմամբ է մասնակցում քաղաքական գործընթացներին։
«Մենք ունենք հստակ տնտեսական և անվտանգության ծրագրեր։ Մեր հայտարարությունները չեն արվում հույզերով, մենք նախ ուսումնասիրում ենք իրավիճակը, շփվում ենք մարդկանց հետ մարզերում և հետո ենք քաղաքական գնահատական տալիս»,- շեշտել է նա։
Փորձագետը հավելել է, որ իրենց թիմի հայտարարությունն այն մասին, որ Կարապետյանն է լինելու հաջորդ վարչապետը, հիմնված է հաշվարկների վրա։
«Մարդկանց արձագանքը շատ դրական է։ Մենք հաշվի ենք առնում և՛ հարցումները, և՛ իրական շփումները մարդկանց հետ։ Այդ պատճառով ենք ասում, որ հաջորդ վարչապետը Կարապետյանն է, դա արված է սառը հաշվարկի վրա»,- նշել է Դավթյանը։
Նրա խոսքով՝ ընտրությունները պետք է դառնան քաղաքական կուրսի փոփոխության հնարավորություն։
«Վստահ եմ, որ խայտառակ զիջողականության, նզովքի ժամանակաշրջանը պետք է ավարտվի, և Հայաստանը պետք է անցնի ավելի հաշվենկատ ու հավասարակշռված քաղաքականության»,- եզրափակել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
