ԱԺ հանձնաժողովում ներկայացվել է կառավարության ծրագրի 2025-ի կատարողականը

ԱԺ հանձնաժողովում ներկայացվել է կառավարության ծրագրի 2025-ի կատարողականը

20 մարտի 2026 – 17:45 AMT

PanARMENIAN.Net – ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 20-ի նիստում քննարկել է կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքն ու արդյունքները։ Ոլորտային գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայացրել են արդյունքային ցուցանիշներն ու իրականացված աշխատանքները։

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը ներկայացրել է արտաքին գերատեսչության կատարած աշխատանքներն ու փոխգործակցության հիմնական ուղղությունները։ 2025 թվականի ընթացքում կայացել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2, միջկառավարական խորհրդի 4, Եվրասիական հանձնաժողովի խորհրդի 11 նիստեր, որոնց ընթացքում ընդունվել են մոտ 150 որոշում և 70 կարգադրություն։

ԵԱՏՄ պետությունների ղեկավարները հաստատել են մինչև 2030 և 2045 թվականները ինտեգրացիոն գործընթացների զարգացման հռչակագրի միջոցառումների ծրագիրը։ ԱԳՆ-ն շարունակել է ակտիվ մասնակցությունը ԵԱՏՄ շրջանակում իրականացվող նիստերին, ինչպես նաև նախագծերի մշակման, լրամշակման և համաձայնեցման աշխատանքներին։

ԱՊՀ ձևաչափում Հայաստանը մասնակցել է պետությունների ղեկավարների խորհրդի 1, Կառավարության ղեկավարների խորհրդի 2, ԱԳ նախարարների 2 և Տնտեսական խորհրդի 4 նիստերի, որոնց ընթացքում հաստատվել են մոտ 150 փաստաթուղթ։ ԱԳՆ-ն շարունակել է ակտիվ համագործակցությունը ԱՊՀ երկրների արտաքին գերատեսչությունների հետ։

Հաշվետու տարում Ռուսաստանի հետ բարձր և բարձրագույն մակարդակներով շարունակվել է երկխոսությունը․ ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև տեղի է ունեցել 5 հեռախոսազրույց և 4 հանդիպում։ Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 7.7 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 38.3 տոկոսով։

Տեղի են ունեցել նաև փոխադարձ այցեր՝ ՀՀ ԱԳ նախարարի այցը ՌԴ և ՌԴ ԱԳ նախարարի այցը Հայաստան։ Հունիսին Երևանում անցկացվել է միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ հոբելյանական համաժողովը, իսկ դեկտեմբերին՝ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստը։ Ներկայացվել է նաև Ղազախստանի հետ համագործակցությունը։

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրել է հարկաբյուջետային քաղաքականության շրջանակում կատարված աշխատանքները՝ ընդգծելով մակրոտնտեսական կանխատեսումների համակարգի բարելավումը, ինչը թույլ է տվել ավելի արդյունավետ պլանավորել հանրային ռեսուրսների օգտագործումը և բարձրացնել քաղաքականությունների արդյունավետությունը։ Նա նշել է նաև, որ կատարելագործվել են հարկաբյուջետային ռիսկերի գնահատման մեխանիզմները։

Պետական պարտքի մասով նշվել է, որ այն գտնվում է կառավարելիության սահմաններում․ 2025 թվականի վերջի դրությամբ կազմել է 5.5 տրիլիոն դրամ կամ մոտ 14.5 մլրդ ԱՄՆ դոլար։ Դրամով արտահայտված պարտքի մասնաբաժինը աճել է՝ հասնելով 52.9 տոկոսի։ Ներքին փոխառությունների հաշվին բյուջեի պակասուրդի ֆինանսավորումը կազմել է 297 մլրդ դրամ։

Նշվել է նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության շարունակական արդյունավետությունը։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ գերազանցել է 8 մլրդ ԱՄՆ դոլարը, իսկ արտահանումը կազմել է ավելի քան 3.2 մլրդ դոլար։ 2025 թվականին զբոսաշրջային այցելությունների թիվը գերազանցել է 2 մլն 263 հազարը՝ աճելով 2.5 տոկոսով։ Ռուս զբոսաշրջիկները կազմել են շուրջ 938 հազար՝ ընդհանուրի 43 տոկոսը։

Նշվել է նաև, որ ԵԱՏՄ շրջանակում իրականացվել են մի շարք նախաձեռնություններ, որոնց արդյունքում Հայաստանը ստացել է սակագնային արտոնություններ կարևոր ապրանքների ներմուծման համար՝ նպաստելով պարենային անվտանգությանն ու տնտեսական կայունությանը։

Նիստի ընթացքում ներկայացվել են նաև այլ ուղղություններով իրականացված աշխատանքները, իսկ գերատեսչությունների ներկայացուցիչները պատասխանել են պատգամավորների հարցերին։

Leave a Comment