20 մարտի 2026 – 14:38 AMT
PanARMENIAN.Net – Մխչյանի դպրոցի միջադեպի փորձաքննության արդյունքներով հայտնաբերված նյութը թմրամիջոց չի եղել, հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
Նա նշել է, որ ի սկզբանե բոլորի մոտ այն ընկալումն էր, որ, այո՛, փոշենման զանգվածը թմրանյութ է, այդ տրամաբանությամբ է վարույթը նախաձեռնվել, բայց հետո պետք է փորձաքննություն իրականացվեր, հայտնում է 1lurer.am-ը:
«Իրավապահ համակարգը փորձաքննության արդյունքում պարզել է, որ մենք թմրամիջոցի հետ գործ չունենք: Փոշենման սովորական սպիտակ զանգված է եղել, ոչ թմրամիջոց: Ոչ մի վտանգավոր բան չի եղել: Կարող եք դիմել, եթե ՔԿ-ն ճիշտ համարի այս պահին՝ նախաքննության շրջանակում, կարող է փորձագիտական եզրակացության մասով ինֆորմացիան հավելյալ տրամադրել:
Ինչո՞ւ եմ ուզում սա ասել, որովհետև ստացվում է, որ մենք մի ընտանիքի երեխայի ի սկզբանե ասում ենք, որ դու թմրամոլ ես կամ դու ստիպել ես որևէ այլ ընտանիքի երեխայի թմրամիջոց օգտագործել, շանտաժ ես արել դրա համար, բայց վերջում պարզում ենք, որ թմրամիջոց չի եղել:
Իհարկե, իրադարձությունը բացասական է, այսինքն՝ ոչ մեկը չի անդրադառնում իրավիճակին և ասում, որ ամեն ինչ նորմալ է, եթե թմրամիջոց չէ: Իրավիճակն անընդունելի է, բայց տեսեք, մենք արդեն պիտակավորել ենք այդ երեխաներին մեր խոսույթով: Ուզում եմ, որ մենք բոլորս ավելի հոգատար լինենք մեր խոսույթի նկատմամբ, մեր անչափահասների նկատմամբ, և եթե կա տվյալ, որ դա թմրամիջոց չէ, մենք ունենանք այդ մոտեցումը, որ բարձրաձայնենք դեպքի մասին:
Որևէ մեկը չի ասում, որ իրավիճակը չի եղել, բայց պետք է իրերը կոչենք իրենց անուններով, որովհետև, պատկերացնո՞ւմ եք, թե հատկապես մարզային հատվածներում ինչպիսի ընկալումներ կան, ինչպիսի կարծրատիպեր կան, որոնք փոխելու համար մեզ շատ ջանք ու եռանդ է պետք»,- ասել է նախարարը։
Սարգսյանն անդրադարձել է անչափահասների շրջանում թմրամիջոցների շրջանառության մասին պնդումներին՝ շեշտելով, որ ստացված տվյալները չեն հաստատում նման պատկեր, հայտնում է Sputnik Արմենիան:
Նա հայտարարել է, որ Հայաստանում անչափահասների շրջանում թմրամիջոցների շրջանառության վերաբերյալ հանրային դաշտում հայտնված ցանկացած տեղեկություն ենթարկվում է ստուգման։ Նա այս մասին նշել է՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին՝ կապված անչափահասների շրջանում թմրամիջոցների հնարավոր լայն տարածման հետ։
Նախարարը ընդգծել է, որ մեծ ուշադրությամբ և պատասխանատվությամբ է մոտենում նմանատիպ խնդիրներին։ Նրա խոսքով՝ երբ ոստիկանության աշխատակիցները այցելել են տարբեր հասցեներ և փորձել պարզել՝ արդյոք հրապարակումներում նշված դեպքերը կարող են հաստատվել և փոխանցվել իրավապահներին, նախարարությունը մինչ այժմ ստացել է զրո հաղորդում և օպերատիվ տվյալներ։
«Զրո տվյալ համացանցում տեղադրվող հաղորդումների վերաբերյալ։ Ես հիմա կարո՞ղ եմ ասել, որ հանցավորության մասով այն աղմուկը, որ կա, դա մեդիա տիրույթի աղմուկ է` չթիրախավորելով որևէ մեկին։ Թմրամիջոցների ի՞նչ ապօրինի շրջանառության մասին եք խոսում, ինչո՞ւ եք պիտակավորում մի ամբողջ սերնդի, երբ չկա հավաստի տվյալ, ինչո՞ւ ենք ուզում մեր անչափահասներին վերագրել մի բան, որը իրականությանը չի համապատասխանում»,– հայտարարել է Սարգսյանը:
Նա հավելել է, որ առկա են առանձին դեպքեր, որոնց մասին իրենք չեն լռել և շարունակել են բարձրաձայնել։
Նախարարի խոսքով՝ այդ ուղղությամբ իրենց գերատեսչությունում քաղաքականությունը խստացվել է, և որևէ փորձ չի արվել թաքցնել խնդիրները կամ առաջնորդվել անձնական կամ այլ շահերով. առաջնահերթությունը տրվել է պետության և երեխաների շահերին։
Սարգսյանը տեղեկացրել է, որ արդեն ինը միջնորդություն է ուղարկել ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ պարզելու, թե համապատասխան դպրոցները տեղյա՞կ են եղել նման դեպքերի մասին և չեն տեղեկացրել ոստիկանությանը։
«Վստահ եմ, որ տիկին Անդրեասյանը կիսում է այս մտահոգությունը, ու բոլոր դեպքերին մենք ընթացք տալու ենք»,– վստահեցրել է նախարարը։
Նա նաև շեշտել է, որ իրենց գործողություններում առաջնորդվել են բացառապես փաստերով, ոչ թե հույզերով՝ նպատակ ունենալով կանխել անչափահասների պիտակավորումը։ Սարգսյանը նշել է, որ ՆԳՆ-ն կենտրոնացել է հատկապես թմրամիջոցների ներմուծման և արտահանման շղթաների բացահայտման վրա՝ խուսափելով մանր դեպքերի հետևից գնալուց՝ միաժամանակ վերահսկելով խոշոր շրջանառությունները։
Նախարարը հիշեցրել է, որ միայն 2025 թվականին այս մոտեցման արդյունքում շրջանառությունից դուրս է բերվել 768 կիլոգրամ թմրամիջոց։
2025 թվականի մայիսին լուրեր էին տարածվել, որ Մխչյանի դպրոցում բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել, որից հետո երեխաների մոտ կախվածություն է առաջացել. նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։
Իրավապահների ուսումնասիրության արդյունքում թմրամիջոցից կախվածության մասը քրեական վարույթում չէր ներառվել, իսկ գումար պահանջելու դրվագի մասով պարզաբանվել էր, թե նպատակը կրել է տվյալները չբացահայտելու բնույթ:
4 անձի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում: 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր դաստիարակչական հսկողություն և վարչական հսկողություն, 1-ի նկատմամբ՝ տնային կալանք և բացակայելու արգելք, 1 անձի վերաբերյալ՝ ձերբակալման որոշում: