Սարգսյան․ Արցախցի կնոջը երեխայի հետ գիշերով ՔԿ տանելու դեպքը կուսումնասիրվի

Սարգսյան․ Արցախցի կնոջը երեխայի հետ գիշերով ՔԿ տանելու դեպքը կուսումնասիրվի

20 մարտի 2026 – 14:53 AMT

PanARMENIAN.NetԱրցախցի կնոջը երեխայի հետ գիշերով ՔԿ տանելու դեպքը կուսումնասիրվի, հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ սոցցանցում մեկնաբանություն գրելու պատճառով արցախցի Գայանե Մեսրոպյանին գիշերը իր բնակարանից ձերբակալելու և մանկահասակ երեխայի հետ Քննչական կոմիտե տեղափոխելու դեպքով Սարգսյանը հանձնարարել է գնահատել իրավաչափությունն ու հանգամանքները, հայտնում է Sputnik Արմենիան:

«Ես ևս տեսել եմ, թե ինչ է ներկայացնում տվյալ անձը, և եթե այդպես է, շատ մտահոգիչ է։ Ես հանձնարարել եմ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությանը ուսումնասիրելու իրավիճակը, լսելու կնոջը և հասկանալու, եթե նմանատիպ իրավիճակ կա, միանշանակ իմ կողմից կլինի արձագանք»,– ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ուսումնասիրվել բոլոր հանգամանքները՝ սկսած գործողության իրականացվելու ժամից։ Նա ընդգծել է, որ պետք է գնահատել նաև տվյալ ժամին գործողության հրատապության աստիճանը։

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ արցախցի բազմազավակ կնոջը Քննչական կոմիտե տեղափոխելու պատճառը մեկ տարի առաջ սոցիալական ցանցերում կատարված մեկնաբանությունն է եղել՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ օգտագործվել է «սատկացնել» բառը։ Ոստիկանությունը դա գնահատել է որպես բռնության կոչ, հարուցել է քրեական գործ և մեկ տարի անց եկել է հինգ երեխայի մոր հետևից՝ նրան յոթ տարեկան դստեր հետ Նոր Հաճնից տեղափոխելով Դիլիջան։

Կնոջը երկու օր հարցաքննել են, և նա հաստատել է, որ տվյալ մեկնաբանության հեղինակն ինքն է։ Ներկայումս նա որևէ գործընթացային կարգավիճակ չի ունեցել, սակայն նրա հեռախոսը առգրավվել է։

Leave a Comment