Աշոտյան․ Փաշինյանից հետո ամենամեծ վնասը քաղաքական կյանքին հասցրել է Քոչարյանի քարոզչական թիմը

Աշոտյան․ Փաշինյանից հետո ամենամեծ վնասը քաղաքական կյանքին հասցրել է Քոչարյանի քարոզչական թիմը

20 մարտի 2026 – 15:35 AMT

PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետո ամենամեծ վնասը Հայաստանի քաղաքական կյանքին հասցրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քարոզչական թիմը, հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով իր նախորդ գրառման շուրջ արձագանքներին:

«Դերակատարներից ոմանք իրենց էին փնտրում իմ տողերի արանքում, թեպետ տողերս իրենց մասին չէին, այլ ընտրություններին նախապատրաստվող ընդդիմադիր քաղաքական ճամբարների։

Իսկ իրական հասցեատերերից ամենաագրեսիվները շունչ քաշելու փոխարեն իրենց ժամկետանց թույնի մի քանի պարկ փորձում են նետել Հանրապետականի ուղղությամբ։

Եթե հարցնեք, թե Նիկոլից հետո ով է ամենամեծ վնասը հասցրել Հայաստանի քաղաքական կյանքին, ապա ստաբիլ երկրորդ տեղում է երկրորդ նախագահի քարոզչական թիմը։

Տղերք, դուք կարող եք վատ հարաբերություններ ունենալ մեկ այլ ճամբարի հետ, մյուսի եւ էն մյուսի հետ էլ։

Բայց երբ պարզվում է, որ կոնֆլիկտներ ունեք ընդդիմադիր դաշտի գրեթե բոլոր դերակատարների եւ ուժերի հետ, ապա ակնհայտ է, որ պրոբլեմը ձեր ներսում է։ Որ պրոբլեմը հենց դուք եք։

Եվ մինչև ինքներդ ձեզ ազնվորեն դա չխոստովանեք և չփորձեք լուծումներ գտնել, շարունակելու եք դեստրուկտիվ և տոքսիկ դերակատարում ունենալ Հայաստանի քաղաքական կյանքում՝ թունավորելով միջավայրը և ինքներդ ձեզ։

Ես չեմ մոռացել Հանրապետականի, երրրորդ նախագահի, իմ ընկերների և իմ մասին ձեր այլանդակությունները։

Եվ վստահեցնում եմ ձեզ, այդ ամենի պատասխան տալու ժամանակը գալու է, հատկապես Մոսկվայից Երևան հակաքարոզչության թունավոր գեղձերը կառավարողի համար։

Քարերը հավաքելու ժամանակը դեռ չի եկել, բայց ինչո՞ւ եք դեռ շարունակում քարեր նետել, մանավանդ երբ ինքներդ եք գտնվում ապակե տանիքի տակ»,- նշել է Աշոտյանը։

Նախոր գրառման մեջ Աշոտյանը գրել էր․ «Աքլորակռվի ժամանակը չէ։ Ձեր թիմակիցներին բացատրեք, որ ձեզ դուր չեն գալիս ինքնահաստատման բույրով ներընդդիմադիր մանր ու միջին գզվրտոցները։ Հայաստանը ստրկացված է, և հանրային ապստամբության կանոնը պահանջում է առնվազն հարգանք և մեջքից պոտենցիալ դաշնակիցներին չխփելու կանոն։ Տիրանը մեկն է, նրա անունը Նիկոլ է։ Մնացածը երկրորդական է»։

Leave a Comment