20 մարտի 2026 – 16:25 AMT
PanARMENIAN.Net – Պաշտպանության նախարարությունը մշտապես գնահատում է Հայաստանի անվտանգության հետ կապված բոլոր ռիսկերը, հայտարարել է նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:
Լրագրողի հարցին՝ արդյոք Իրանի շուրջ զարգացումների պայմաններում գնահատվել են Հայաստանի համար առաջացող ռիսկերը, նախարարը նշել է, որ այդ գործընթացը իրականացվում է պետական տարբեր կառույցների համատեղ աշխատանքի արդյունքում, հայտնում է Արմենպրեսը:
«Հայաստանի Հանրապետությունում կան մարմիններ՝ Անվտանգության խորհուրդ, Արտաքին հետախուզական ծառայություն, Ազգային անվտանգության ծառայություն։ Պաշտպանության նախարարությունն իր տեղում է, բոլոր ռիսկերը գնահատվում են»,- ասել է Սուրեն Պապիկյանը։
Նախարարը նաև անդրադարձել է իշխանության հասցեին հնչող քննադատություններին, ըստ որոնց՝ Իրանում պատերազմի ընթացքում իշխանության ներկայացուցիչները զբաղվել են ներկուսակցական քարոզարշավով։
«Այդ գործողությունները ուղղված են եղել հանրությանը համապատասխան ուղերձ փոխանցելուն։ Քարոզարշավը նպատակ ուներ ցույց տալ հասարակությանը, որ Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն է»,- նշել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչ ուղերձ էր փոխանցում իշխանությունը տվյալ ժամանակահատվածում։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ: