ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հրահանգել է ուսումնասիրություն սկսել Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ գրառում կատարած արցախցի կնոջը և նրա երեխային գիշերը ՔԿ տանելու դեպքի առնչությամբ։
«Ես ևս տեսել եմ, թե ինչ է ներկայացնում տվյալ անձը, և եթե այդպես է, շատ մտահոգիչ է։ Ես հանձնարարել եմ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությանն ուսումնասիրել իրավիճակը, լսել նաև կնոջը և հասկանալ, եթե նմանատիպ իրավիճակ կա։ Միանշանակ կլինի արձագանք իմ կողմից»,– նշեց նախարարը։
Ըստ Սարգսյանի` պետք է ուսումնասիրվեն բոլոր դրվագները, որոնք բարձրաձայնվել են՝ սկսած գործողություն իրականացնելու ժամից, հայտարարություններից՝ «գոհ եղեք, որ ձեռնաշղթաներով չենք տանում, կամ դիմակներով չենք մտել»։
«Պետք է գնահատել տվյալ ժամին գործողության հրատապության աստիճանը»,-ասաց նա։
Հիշեցնենք՝ արցախցի բազմազավակ մայր Գայանե Մեսրոպյանին ՔԿ տարել էին մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանի հասցեին գրառման պատճառով։ Նա այդ գրառման տեքստում օգտագործել էր «սատկացնել» բառը։ Դա որակվել էր բռնության կոչ, քրեական գործ էր հարուցվել։ Արդյունքում հինգ երեխայի մորը գիշերը յոթ տարեկան դստեր հետ Նոր Հաճնից Դիլիջան էին տեղափոխել։
Կնոջը երկու օր հարցաքննել են, նա ասել է, որ Փաշինյանի դեմ մեկնաբանության հեղինակն ինքն է: Այժմ կինը որևէ կարգավիճակ չունի, բայց նրա հեռախոսն առգրվված է։