Արփինե Սարգսյանը՝ երեխայի ծեծի, կենսաչափական անձնագրերի ու ԱՀԾ տվյալների մասին •

«ՀՀ-ն կկարողանա իր քաղաքացուն տրամադրել նոր սերնդի կենսաչափական փաստաթղթեր»:

Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը. «Եռուն փուլում են գտնվում նոր կենսաչափական համակարգի ներդրման հետ կապված աշխատանքները, ու ես ուրախությամբ պետք է փաստեմ, որ, ի վերջո, ՀՀ-ն կկարողանա իր քաղաքացուն տրամադրել նոր սերնդի կենսաչափական փաստաթղթեր: Այս ժամկետը մեզ համար 2026 թվականի աշունն է»:

«Երբ մենք հաղորդում ենք ստացել ԲԿ-ից, ահազանգը կամ ընտանիքի անդամների կողմից սկզբնապես այնպիսին էր, որ, ըստ էության, գործ չունենք հանցագործության հետ, ստանդարտ պրոցես է, երեխան վատ է զգացել և դրա հետևանքով է տեղափոխվել ԲԿ»:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ նշելով, որ չնայած այդ հանգամանքին, անմիջապես ձեռնամուխ են եղել օպերատիվ-հետախուզական աշխատանքների, և դրա հիման վրա է, որ հենց սպանության գործով է վարույթը նախաձեռնվել, որովհետև տեղեկություն է ստացել, որ տվյալ անձի հոր հետ բնակվող կնոջ միջամտությունը կա ընդհանուր գործընթացին երեխայի ծեծի մասով և ըստ այդմ նմանատիպ հետևանք առաջացնելու մասով. «Այժմ շարունակում ենք ՔԿ-ի հետ աշխատանքները: Գիտեք, որ նաև խափանման միջոց կա անձի նկատմամբ, շարունակում ենք աշխատանքները, որպեսզի նաև ընտանիքի մյուս անդամներին վերաբերելի իրավիճակներին իրավական գնահատական կարողանանք տանք: Այս պահին կարգավիճակի մասին հարցերն են ճշգրտվում»:

Նա հավելել է, որ երեխաների իրավունքների պաշտպանության նոր համակարգը, որ ներդրել են, այն տրամաբանությամբ է, որ առաջին ինֆորմացիա ստացողը որպես այդպիսին չպիտի լինի ոստիկանը. «Ազդակը պիտի գա համայնքից, ազդակը պիտի գա այնտեղի սոցիալական ծառայողներից և մնացյալից: Ես վստահ եմ, որ նաև գործընկերներն են այս հարցը դիտարկում իրենց իրավասության տիրույթում, որ հասկանան՝ եղե՞լ է ազդակ օբյեկտիվորեն, թե՞ չի եղել ազդակ նմանատիպ իրավիճակի: Ես էլ մեր մասով՝ համայնքային ոստիկանների կտորով եմ դիտարկում իրավիճակը, որպեսզի հասկանանք՝ հնարավո՞ր էր այդպիսի տեղեկատվություն մեր գործիքակազմի տեսանկյունից ստանալ, թե՞ ոչ»:

Ինչպես հայտնել էինք, մարտի 16-ին՝ կեսգիշերից անց, «կլինիկական մահ» ախտորոշմամբ Արարատի մարզից Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1,2 տարեկան տղա երեխա։ Նրա սրտի աշխատանքը վերականգնվել է, սակայն վիճակը շարունակում է մնալ ծանր:

Երեխան հոսպիտալացվել էր ծեծի հետևանքով։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել էր երեխայի խորթ մայրը:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարտի 19-ին հայտնել է, որ դաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակը, ցավոք, գնահատվում է ծայրահեղ ծանր:

«Երբ Արտաքին հետախուզության ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, բնականաբար, ՆԳՆ ոստիկանությունը իրականացրել է ստուգողական որոշակի աշխատանքներ և որոշակի փաստական տվյալներ է ձեռք բերել»,- ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե օրերս ՆԳՆ-ն դիմել էր ՔԿ-ին Արտաքին հետախուզության ծառայության ներկայացրած տվյալների մասով, ըստ որի՝ օտար պետություններում հայերին ճնշում են՝ ընտրություններին մասնակցություն ունենալու հետ կապված. «Եթե կարդաք ՔԿ հաղորդագրությունը կոնկրետ այս դեպքով մեր ներկայացրած հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով, կտեսնեք, որ այնտեղ մի փոքր ավելի ճշգրտումներ կան ներկայացված թե՛ ՀՀ քաղաքական դաշտում գործունեություն ծավալող կուսակցությունների, թե՛ կուսակցության ներկայացուցիչների, թե՛ այլ դերակատարների օժանդակությամբ պրոցեսը կազմակերպելու մասով»:

Հարցին՝ որ երկրի մասին է խոսքը, նախարարը նշել է, որ այլ տվյալ հայտնել չի կարող. «Խնդրում եմ հետևել ՔԿ հաղորդագրություններին, որպեսզի պատկերն ավելի պարզ լինի: Ցանկացած տեղից եկող ազդակ, բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում է լինելու՝ անկախ երկրից: Մնացյալ ամբողջը, քանի որ նախաքննություն է իրականացվում, ՔԿ-ն պատեհ պահի հանդես կգա հայտարարությամբ»:

Leave a Comment