Երբ մենք հաղորդում ենք ստացել ԲԿ-ից, ընտանիքի անդամների կողմից հաղորդումն այնպիսին էր, որ, ըստ էության, գործ չունենք հանցագործության հետ, ստանդարտ պրոցես է, երեխան իրեն վատ է զգացել և դրա արդյունքում է տեղափոխվել հիվանդանոց։ Բայց անմիջապես ձեռնամուխ ենք եղել օպերատիվ-հետախուզական աշխատանքների, և դրա հիման վրա է նաև, որ հենց սպանության փորձով է վարույթը նախաձեռնվել, որովհեև տեղեկություն էինք ստացել, որ տվյալ անձի հոր հետ բնակվող կնոջ միջամտությունը կա ընդհանուր գործընթացին, այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
«Այժմ շարունակում ենք ՔԿ-ի հետ աշխատանքները, որպեսզի նաև ընտանիքի մյուս անդամներին վերաբերելի իրավիճակներին իրավական գնահատական կարողանանք տալ։ Այս պահին կարգավիճակի հետ կապված հարցերն են ճշգրտվում»,- ասաց նախարարը։
Ըստ Արփինե Սարգսյանի՝ երեխայի իրավուքնների պաշտպանության նոր համակարգն աշխատում է այն տրամաբանությամբ, որ առաջին ինֆորմացիա ստացողը չլինի ոստիկանությունը, այլ ազդակը պետք է գա համայնքից, սոցիալական ծառայողներից։
«Եթե որևէ խախտում հայտնաբերվի այս դեպքում իմ պատասխանատվության տիրույթում, այսինքն՝ ոստիկանի աշխատանքի մասով, ռեակցիան, բնականաբար, ուշացնել չի տա»,- ասաց նախարարը՝ այլ մանրամասներ չհայտնելով։
Հիշեցնենք, որ ծեծի ենթարկված ու հիվանդանոց տեղափոխված մեկամյա երեխայի առողջական վիճակը շարունակվում է գնահատվել ծայրահեղ ծանր։
Ինչպես երեկ հայտնել էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, կլինիկական մահից և վերակենդանացման միջոցառումներից հետո պահպանվում է խորը կոմատոզ վիճակ՝ գլխուղեղի ծանր ախտահարմամբ։
Ըստ Գլխավոր դատախազության՝ փոքրիկ տղային մեկուկես ամիս պարբերաբար ծեծել են, հետո փորձել սպանել։ Այս տարվա հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ֆիզիկական ուժեղ ցավ են պատճառել երեխային, իսկ մարտի 15-ին փորձել սպանել։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ երեխայի հոր երկրորդ կինն է մեղադրյալը։ Նա կալանավորվել է։