ԱՄՆ-ն և Իսրայելը 500 միլիոն դոլարի վնաս են հասցրել Իրանի կենտրոնական մասում գտնվող Սպահան նահանգի պատմական հուշարձաններին, հայտարարել է նահանգապետ Մեհդի Ջամալինեջադը։
Մարտի 15-ին Իրանի մշակութային ժառանգության և զբոսաշրջության նախարարությունը նշել է, որ Իրանում առնվազն 56 թանգարան, պատմական հուշարձան և մշակութային վայր է վնասվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով: Նախարարությունը նշել է, որ մարտական գործողություններից տուժած վայրերից 19-ը գտնվում են մայրաքաղաքային շրջանում, այդ թվում՝ Գոլեստան պալատական համալիրը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում է:
«Ցավոք, ամերիկա-սիոնիստական պատերազմի ժամանակ Սպահան նահանգում 21 պատմական հուշարձան լուրջ վնաս է կրել, որի հետևանքով մշակութային ժառանգությանը հասցվել է 500 միլիոն դոլարի վնաս», – նահանգապետի խոսքերն է մեջբերել իրանական SNN հեռուստաալիքը։