Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերի հետ հեռախոսազրույցի ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պահանջել է, որ Լոնդոնը զերծ մնա Թեհրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններին աջակցելուց, հայտնում է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։
Մարտի 2-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարեց, որ Լոնդոնն ընդունել է Վաշինգտոնի խնդրանքը՝ օգտագործել երկրի ռազմական բազաները Իրանում հրթիռային պահեստներին հարվածելու համար: Մարտի 7-ին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հաստատեց, որ Միացյալ Նահանգները սկսել է օգտագործել Մեծ Բրիտանիայի բազաները Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ:
«Արաղչին պահանջել է, որ բրիտանական իշխանությունները զերծ մնան ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ( Իսրայելի – խմբ.) հետ որևէ համագործակցությունից՝ ռազմական և լրատվական օգնություն տրամադրելու հարցերում», – ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ։