Հակակոռուպցիոն դատարանում 2026 թվականի մարտի 19-ին գործ է ստացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Գործը նույն օրը մակագրվել է հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանին: Նախաքննությունն իրականացվել է Քննչական կոմիտեում, գործը ստացվել է Կոտայքի մարզի դատախազությունից: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգից։
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Հակոբ Սուրենի Բալասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2017 թվականի նոյեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնը, իսկ 2017 թվականի նոյեմբերի 11-ից մինչ օրս շարունակելով պաշտոնավարել Բյուրեղավան համայնքի ղեկավարի պաշտոնում, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում կազմակերպական, տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ՀՀ Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով և «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքներով իրեն վերապահված լիազորություններն իրագործելու ընթացքում, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, ինչպես նաև Բյուրեղավան համայնքի «Բարեկարգում կանաչապատում» ՀՈԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ պարտավոր լինելով ապահովել կազմակերպության բնականոն գործունեությունը, պատասխանատվություն կրելով դրանց չկատարման և ոչ պատշաճ կատարման համար, ավագանու հիշյալ որոշումներով աղբի տեղադրումը դրա համար չնախատեսված վայրերում արգելված լինելու պայմաններում, ոչ պատշաճ է կատարել «ՏԻՄ» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 12-րդ կետով (համապատասխանում է ՀՀ գործող «ՏԻՄ» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետին»), նույն օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող «ՏԻՄ» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին»), նույն օրենքի 45-րդ հոդվածով (համապատասխանում է ՀՀ գործող «ՏԻՄ» օրենքի 51-րդ հոդվածին»), ՀՀ հողային օրենսգրքի 43-րդ հոդվածով սահմանված լիազորությունները և ՀՀ հողային օրենսգրքի 110-րդ հոդվածով նախատեսված պարտականությունները։
Խախտել է «Աղբահանության և սանիտարական մաքրման» մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված պահանջը, որպիսի պայմաններում իրական հնարավորություն ունենալով առնվազն համապատասխան պայմանագիր կնքել Կոտայքի մարզի և հարակից տարածքներում գործող «Անկոլո» և «Էկո-կենտրոն» ՍՊ ընկերություների հետ և Բյուրեղավան համայնքի սպասարկման տարածքում հավաքված կենցաղային աղբը տեղափոխել դրա համար նախատեսված օրինական աղբավայր, 2008-2024թթ. ընկած ժամանակահատվածում, անտեսելով բնակչության անվտանգության, բնության և շրջակա միջավայրի պահպանության ապահովման նպատակով օրենսդրի կողմից սահմանած պահանջները, հողամասերը չի օգտագործել այնպիսի եղանակներով, որոնք կբացառեին հողի փչացումը, միջոցներ չի ձեռնարկել համայնքի աղբանահությունը դրա համար նախատեսված վայրերում իրականացնելու ուղղությամբ։
Վարչական պատասխանատվության համապատասխան ներգործության միջոցներ կիրառելու փոխարեն Բյուրեղավանի «Կանաչապատում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի աշխատակիցներին թույլատրել է աղբահանության համար չնախատեսված՝ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքին պատկանող` բնակելի տներին և հողամասերին անմիջականորեն հարակից՝ բնակավայրերի, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, ընդհանուր 25706 մ2 մակերեսով տարածքներ տեղափոխել և տեղադրել Բյուրեղավան համայնքից հավաքված կենցաղային աղբը, որի հետևանքով խախտվել է հողը պահպանելու և օգտագործելու կանոնները, հիշյալ հողամասերն օգտագործվել են ոչ նպատակային նշանակությամբ և արդյունքում դրանք աղբոտելու եղանակով փչացվել են, որի հետևանքով էական վնաս է պատճառել համայնքի և պետության օրինական շահերին, հեղինակազրկվել է տեղական ինքնակառավարման մարմինը, չի ապահովվել բնակության համար հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմանները, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 157 353 504 ՀՀ դրամի վնաս է պատճառվել հողային ռեսուրսներին:
Առաջադրված մեղադրանքի հոդվածները, հնարավոր պատիժը
Հակոբ Բալասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝
Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին, պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասով՝ հողը պահպանելու և օգտագործելու կանոնները խախտելու համար:
Հողը փչացնելը՝ հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու կամ օգտագործելու կանոնը խախտելով կամ այլ եղանակով հողն աղտոտելը, թունավորելը կամ այլ կերպ փչացնելը, որը խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս է պատճառել կենդանական կամ բուսական աշխարհին կամ դրանց պաշարներին, հողին կամ ջրերին կամ առաջացրել է այլ ծանր հետևանք՝
պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:
Կիրառված խափանման միջոցը, գործի հետագա ընթացքը
Հակոբ Բալասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը: Գործը գտնվում է նախապատրաստական փուլում: Գործը վարույթ ընդունելու և դատական նիստեր նշանակելու որոշման մասին տեղեկություններ Դատալեքս համակարգում դեռևս առկա չեն։
Հակոբ Բալասյանի կենսագրությունը
Հակոբ Սուրենի Բալասյանը ծնվել է 1959 թվականին, Աբովյանի շրջանի (այժմ՝ Կոտայքի մարզ) Արզնի ավանում:
Կրթությունը
1966-1976 թվականներին հաճախել է Բյուրեղավանի միջնակարգ դպրոց:
1981 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը:
Աշխատանքային գործունեությունը
1981-1991 թվականներին աշխատել է «Հայապակի» արտադրական միավորումում՝ որպես հերթափոխի պետ, կոմերիտական կազմակերպության քարտուղար, արհմիության կոմիտեի նախագահ,
1991-1996 թվականներին՝ Կոտայքի շրջխորհրդի գործկոմում՝ որպես նախագահի տեղակալ,
1996 թվականին՝ Կոտայքի մարզպետարանում՝ որպես բաժնի պետ, 1998 թվականին՝ որպես մարզպետարանի քարտուղար, 2002 թվականին՝ որպես Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար,
2008 թվականին ընտրվել է Բյուրեղավանի քաղաքապետ,
2012, 2016 թվականներին վերընտրվել է Բյուրեղավանի քաղաքապետ,
2017-2022 թվականներին Բյուրեղավան համայնքի ղեկավար,
2022 թվականի նոյեմբերի 10-ին կայացած Բյուրեղավան համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստի ժամանակ՝ որպես «Միասնություն» դաշինքի թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած անձ առաջադրվել է որպես համայնքի ղեկավարի թեկնածու և ընտրվել է Բյուրեղավան համայնքի ղեկավար:
Շնորհվել է
2004 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Ամուսնացած է, ունի 2 զավակ, 5 թոռնիկ:
Ծանուցում. Անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: