Ինչպե՞ս է Շրջակա միջավայրն ազդում մարդու առողջության վրա։ Հարցի պատասխանը գիտական ու կրթական մակարդակներում փնտրում ու գտնում են ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի կենսաբժշկության ամբիոնում։ Գործնական տիրույթում կիրառելի մեթոդները երկու բաղադրիչ ունեն՝ պատմում է Կենսաբժշկության ամբիոնի դոցենտ Տաթևիկ Սարգսյանը. «Առաջինն այն է, որ առողջացնենք շրջակա միջավայրը։ Իսկ դրա համար պետք է ուսումնասիրել շրջակա միջավայրի տարրերը՝ հողը, օդը, ջուրը։ Մեր առարկայի շրջանակում ուսանողները զբաղվում են այդ տարրերի ուսումնասիրությամբ։ Իրականացնում ենք սննդի որակի վերահսկողություն»։


Ջրային բաղնիք, որը օգտագործվում է նյութերը հալեցնելու համար։ Սա այն դեպքում, երբ կոնկրետ ջերմաստիճանում պետք է սոդայի կամ կաթի որակի որոշում իրականացնել։ Այս մեթոդն օգնում է ապագա գիտնականներին։ Փորձերի համար սարք-սարքավորումները տարբեր են, բոլորն էլ՝ կարևոր։ Չստացվելու հավանականությունը զրո է, յուրաքանչյուր փորձ մի քանի անգամ է կատարվում, ու եթե ամեն ինչ արվում է կարգ ու կանոնով, արդյունքն ակնհայտ է։ Շատ ջրերում կան կոշտության բարձր ցուցանիշներ՝ քլորիդներ, սուլֆատներ։
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի կենսաբժշկության ամբիոնը համեմատաբար նոր երիտասարդ ամիբիոն է, նոր է կազմավորվել։ Կենսաքիմիա, մանրէաբանություն, հիգիենա, ախտաբանական ֆիզիոլոգիա, կլինիկական ու թերապևտիկ դեղաբանություն, դեղագիտություն, թունաբանություն, կենսաէթիկա․ գիտութան բոլոր ուղղություններն այստեղ առաջնային են։
Ընդհանուր առմամբ ինչպես ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում, այնպես էլ կենսաբժշկության ամբիոնում երիտասարդների մոտ գիտության նկատմամբ հետաքրքրվածություն կա։ Հատկապես, որ ըստ ինստիտուտի տնօրեն Աննա Մկրտչյանի, պարտադիր չէ, որ բոլորը դառնան գիտնական։