««Շտապօգնությունը» չի հասնում», «թարթիչներից ցեխ է թափվում». Տարոնիկի բնակիչները՝ ճանապարհի մասին

Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տարոնիկ գյուղի բնակիչները բարձրաձայնում, որ արդեն շուրջ 30 տարի չի վերանորոգվում բնակավայրը մայրուղուն կապող միակ ճանապարհը։

Ավելի քան 5600 բնակիչ ունեցող գյուղի համար այս ճանապարհը միակ երթուղին է ինչպես բնակիչների, այնպես էլ «Շտապօգնության» մեքենաների համար։

Armenia Today-ի նկարահանող խումբն այցելել է գյուղ, որտեղ բնակիչները պատմել են, որ անձրևային եղանակին ճանապարհը դառնում է գրեթե անանցանելի:

Բնակիչների խոսքով՝ երեխաներն ստիպված են լինում դպրոց գնալ՝ կոշիկների վրայից տոպրակներ հագնելով, որպեսզի չթաթախվեն ցեխի մեջ:

«Երեխեքը որ գնում են այդ ցեխաջրերով դպրոց, ցելաֆոն են հագցնում իրենց կոշիկներին, որ ցեխ չլինեն, հասնեն մինչև դպրոց»,- պատմել է բնակիչներից մեկը:

Խնդիրը սուր է նաև առողջապահական տեսանկյունից. բնակիչները պնդում են, որ առանձին դեպքերում «Շտապօգնությունը» պարզապես չի կարողանում հասնել կանչի վայր:

«Լինում է, որ «Շտապօգնությունն» ուղղակի չի կարողանում տեղ հասնել»,- նշել են նրանք:

Գյուղացիներն ընդգծում են, որ այս տարիների ընթացքում բարեկարգվել է միայն դեպի Մեծամորի թանգարան տանող հատվածը, մինչդեռ մոտ մեկ կիլոմետր երկարությամբ հիմնական ճանապարհը մնում է վթարային վիճակում:

Ճանապարհի անմխիթար վիճակի պատճառով դժվարություններ են առաջանում անգամ հուղարկավորությունների ժամանակ. դիակառքը գերեզմանատուն հասցնելը դառնում է իսկական փորձություն:

Որոշ բնակիչներ իրավիճակին հումորով են մոտենում՝ միաժամանակ շեշտելով իշխանությունների անհապաղ միջամտության կարևորությունը:

«Որ հանգուցյալին տանում ենք, մեկ էլ տեսար՝ վեր կացավ, ասաց՝ «շատ եք թափ տալիս»»,- կատակել է գյուղացիներից մեկը:

Տարոնիկցիները պատմում են, որ ճանապարհի պատճառով դեպի գյուղ երթևեկող տրանսպորտը, ինչպես և իրենց մեքենաները, մշտապես փչանում են:

«Մենք շատ բան չենք ուզում՝ թող բերեն, էս ճանապարհը սարքեն, տան մեզ: Մեր ամբողջ ապրուստը, ինչ կա, էս ճանապարհի հետ է կապված»,- ասել են նրանք:

Բացի ճանապարհից, բնակիչները բողոքում են նաև խմելու ջրի խնդրից և էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումներից: Նրանց խոսքով՝ վերանորոգումը խոստացել էին իրականացնել 2026 թվականի գարնանը, սակայն աշխատանքներն այդպես էլ չեն սկսվել:

Բնակիչները նշել են, որ բազմիցս դիմել են տարբեր ատյանների, սակայն հարցը լուծում չի ստացել: Եթե խնդիրը շուտափույթ չլուծվի, նրանք պատրաստ են «ծայրահեղ քայլերի», ընդհուպ՝ մինչև հունիսի 7-ին կայանալիք ընտրությունները բոյկոտելու տարբերակը:

«Սա մեր վերջին շանսն է, որ մեզ լսեն»,- ասում է գյուղի բնակիչը՝ հույս ունենալով, որ ընտրություններից առաջ իրենց կհիշեն:

Armenia Today-ը գրավոր հարցում է ուղարկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ պարզաբանում ստանալու Տարոնիկում ճանապարհի վիճակի և վերանորոգման հնարավորության մասին: Պատասխանն ստանալուն պես կներկայացնենք:

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a Comment