Իրանական հարձակումների հետևանքով շարքից դուրս են եկել Կատարի բնական հեղուկ գազի արտահանման հզորության 17%-ը, ինչը տարեկան մոտ 20 միլիարդ դոլարի եկամուտների կորուստ է առաջացրել և սպառնում է Եվրոպայի ու Ասիայի մատակարարումներին, հայտարարել է QatarEnergy-ի գործադիր տնօրենը և էներգետիկայի պետական նախարարը Սաադ ալ-Քաաբին՝ Reuters գործակալությանը տված հարցազրույցում։
Նա նշել է, որ այդ աննախադեպ հարվածների հետևանքով վնասվել են Կատարի 14 բնական հեղուկ գազի արտադրական գծերից երկուսը և գազը հեղուկ վառելիքի վերածող երկու գործարաններից մեկը։
Վերջին մի քանի ժամվա ընթացքում Պարսից ծոցի մի քանի երկրներ՝ այդ թվում Արաբական Միացյալ Էմիրությունները, Քուվեյթը, Սաուդյան Արաբիան և Բահրեյնը, հաղորդել են հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին։
Հարձակումը հետ մղելուց հետո պաշտոնյաները հայտարարել են, որ դա «իրանական ագրեսիայի» արդյունք է եղել, իսկ ընկնող բեկորները հրդեհ են առաջացրել պահեստի շենքում։
