2025 թվականին պետական բյուջեից սոցիալական ոլորտին ուղղվել է 905,6 մլրդ ՀՀ դրամ կամ պետական բյուջեի ընդհանուր ծախսերի 26,3 տոկոսը, մինչդեռ 2017 թվականին բյուջետային հատկացումները կազմել են 365,1 մլրդ ՀՀ դրամ կամ պետական բյուջեի ընդհանուր ծախսերի 30,13 տոկոսը:
2025 թվականին կենսաթոշակառուների միջին ամսական թիվը կազմել է 476.813, ծախսը՝ շուրջ 288,4 մլրդ ՀՀ դրամ, կենսաթոշակի միջին ամսական չափը՝ 49.032 ՀՀ դրամ: 2017 թվականին կենսաթոշակառուների միջին ամսական թիվը կազմել է 455.609, ծախսը՝ 220 մլրդ ՀՀ դրամ, կենսաթոշակի միջին ամսական չափը՝ 40.296 ՀՀ դրամ:
Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 19-ի արտահերթ նիստում ներկայացնելով ՀՀ Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:
Ըստ նախարարի՝ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների գծով ծախսը 2025 թվականին կազմել է 51,7 մլրդ ՀՀ դրամ, շահառուների թիվը՝ 111.904: 2017 թվականին ծախսը կազմել է 13,9 մլրդ ՀՀ դրամ, իսկ շահառուների թիվը՝ 63.024:
2025 թվականի 4-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով պարենային եւ սպառողական զամբյուղների արժեքները կազմել են համապատասխանաբար 33.388 ՀՀ դրամ եւ 61.768 ՀՀ դրամ: Դեռեւս 2023 թվականից գերազանցվել է պարենային զամբյուղի համար նախանշված թիրախը:
Անդրադառնալով ընթացիկ միջոցառումների կատարմանը՝ Արսեն Թորոսյանը նշել է, որ 2025 թվականին ներդրվել է ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման, հաշվարկման եւ վճարման նոր համակարգը: Ներկայում նպաստները վճարվում են բացառապես անկանխիկ եղանակով:
ՀՀ սահմանամերձ եւ առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի (հայտնի է որպես «16 միլիոնի ծրագիր») շրջանակում, վերջին տվյալներով, արդեն իրականացվել է 2272 վարկավորում: Նախարարի տեղեկացմամբ ՀՀ Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է եւս 1417 շահառուի՝ բնակարանով ապահովելու հարցը:
2025 թվականին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում է ստացել 4010 անձ, որոնց վճարվել է շուրջ 820 մլն ՀՀ դրամ: Մեկ անձին հասանելիք փոխհատուցման միջին չափը կազմել է շուրջ 190 հազար ՀՀ դրամ: Այս տարի կփոխհատուցվեն մինչեւ 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց Խնայբանկի ավանդները:
Նշվել է, որ Միասնական սոցիալական ծառայությունում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը 2025 թվականի վերջի դրությամբ կազմել է 46.508 մարդ, մինչդեռ 2017 թվականի տարեվերջին այս ցուցանիշը կազմել է 85.983:
Արսեն Թորոսյանը նշել է, որ աշխատանքներ են իրականացվում խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ. 2025 թվականի ընթացքում 197 երեխա խնամք է ստացել 110 խնամատար ընտանիքում, իսկ 2017 թվականին 20 խնամատար ընտանիքում՝ 24 երեխա:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ անձնական օգնականի, տնային խնամքի ծառայությունների, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության, աշխատանքային իրավունքների բարելավման ուղղությամբ իրականացող աշխատանքների վերաբերյալ:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ ՀՀ Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին հաղորդումն ընդունվել է ի գիտություն: