«Հրապարակ» թերթի գլխավո խմբագիր Արմինե Օհանյանը արձագանքել է այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի կողմից իր անունը շոշափող մանիպուլյատիվ հայտարարություններին: Արմինե Օհանյանը, կարելի է ասել՝ կետ առ կետ հօդս է ցնդեցրել Փաշինյանի «փաստարկները»:
«Չնայած ինձ հորդորում են չարձագանքել Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին, բայց մի քանի բառ այնուամենայնիվ որոշեցի ասել․
Ասում է՝ մարդուն (այսինքն՝ ինձ) կանչել են Քննչական, տեղեկացնելու, որ իր հետ կապված վարույթը կարճվելու է։
Հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ են այդ վարույթը հարուցել, մեկուկես տարի քննել, թաքուն պահել, որ հիմա էլ հրավիրում են տեղեկացնեն, թե՝ «կարճվելու է»։ Վարույթը հարուցելու իմաստը ո՞րն էր։ Դժվար թե ի սկզբանե հարուցված լիներ հենց «կարճելու» նպատակով, չէ՞։ Հարուցվելու փաստն ինքնին աբսուրդ է եւ նողկալի։
Երկրորդը՝ ինձ Քննչական կոմիտեում ասել են՝ մեկուկես տարի քննություն ենք իրականացրել, փորձաքննություն ենք նշանակել, հակված ենք կարճելու, բայց դատախազությունը պետք է որոշի այս վարույթի վերջնական ելքը եւ ստորագրել են տվել նախաքննական գաղտնիք չհրապարակելու մասին թուղթ։ Հարցրել եմ՝ լրագրողները հետաքրքրվում են՝ կարո՞ղ եմ ինչ որ մանրամասներ հայտնել, օրինակ, թե՝ իմ որ հրապարակման համար եք հարուցել, կամ ինչ եզրակացություն են տվել փորձագետները։ Ասել են՝ ոչ, կարող եք միայն ծանուցման ժամանակ ձեզ փոխանցված տեղեկությունները հրապարակել եւ, թե ինչ կարգավիճակ ունեք այս պահին։ Նաեւ խոստացել են, որ 10 օրում եզրակացություն կլինի, կուղարկեն ինձ՝ դրանից հետո կարող եմ խոսել։ Այնպես չէ, որ ես հակված էի աղմուկ բարձրացնելու, իմ լրագրող գործընկերներն են ավելի շատ այդ աղմուկի հեղինակները, որովհետեւ բոլորը հասկանում են, որ սա զոնդաժ է՝ ստուգում են՝ կարո՞ղ են արդյոք լրագրողների դեմ քրեական գործեր հարուցելու մեկնարկը տալ։
Եւ վերջապես՝ շատ խնդալու է, երբ «օդից կախված լուրեր» արտահայտության հիմնադիր-հեղինակը, որի կինը հեռացել է իրենից, խոսում է նման լուրեր հրապարակելու անթույլատրելիության եւ ընտանիքի ինստիտուտի հանդեպ հարգանքի մասին։
ՀԳ․ Ի դեպ, այսօր ստացել ենք նաեւ Փաշինյանի քաղհայցով վճիռը։ Դատավորը, կարելի է ասել, սողոմոնյան որոշում է կայացրել՝ բավարարել է Փաշինյանի հայցի հերքման պահանջը (որ պաշտոնը չկորցնի), եւ մերժել է պահանջի նյութական մասն՝ ամբողջությամբ։ Բայց դա էլ ենք բողոքարկելու, որովհետեւ անգամ այս վճռից երեւում է, որ զրպարտության մասին խոսք լինել չի կարող նշված հրապարակման մեջ եւ հայցը մասնակիորեն բավարարվել է բացառապես այն պատճառով, որ հայցվորը վարչապետի աթոռն է զբաղեցնում․․․»