Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության «Ազատությունն աշխարհում 2026» տարեկան զեկույցը վերահաստատում է Հայաստանի կայուն առաջընթացը ժողովրդավարական արժեքների ամրապնդման ճանապարհին։ Հայաստանը կրկին դասակարգվել է որպես «մասնակի ազատ» երկիր՝ պահպանելով իր 54 միավորը։ Սա վկայում է այն մասին, որ նույնիսկ անվտանգային լուրջ մարտահրավերների պայմաններում երկրին հաջողվել է զերծ մնալ հետընթացից և պաշտպանել ձեռքբերված քաղաքական իրավունքներն ու քաղաքացիական ազատությունները։
Հայաստանի ժողովրդավարական ցուցանիշները վերջին երկու տարիներին պահպանում են կայունություն, սակայն զեկույցը մատնանշում է նաև մի շարք մտահոգիչ միտումներ, որոնք խոչընդոտում են երկրի առաջընթացին դեպի «ազատ» երկրների խումբ։
Հայաստանը շարունակում է մնալ ժողովրդավարության «կղզյակ» մի տարածաշրջանում, որտեղ ավտորիտար միտումները գնալով խորանում են։
Հայաստանի դիրքերը հատկանշական են հարևան երկրների հետ համեմատության մեջ, որտեղ ազատությունների մակարդակը շարունակում է մնալ ցածր կամ անկում ապրել։ Ադրբեջանը 7 միավորով և Իրանը 11 միավորով շարունակում են մնալ «ոչ ազատ» և խիստ ավտորիտար երկրների շարքում, որտեղ քաղաքական իրավունքները գրեթե բացակայում են։ Թուրքիան իր 33 միավորով զգալիորեն զիջում է Հայաստանին՝ մնալով «ոչ ազատ» գոտում։ Հարևան երկրներից Վրաստանը նույնպես մասամբ ազատ երկրների խմբում է՝ 51 միավորով։ Նախորդ տարվա 55 միավորի համեմատ՝ այս տարի Վրաստանը հետընթաց է գրանցել։
Զեկույցը դրական է գնահատում Հայաստանում առկա քաղաքական մրցակցությունը և քաղաքացիական հասարակության ակտիվությունը, որոնք հանդիսանում են երկրի ժողովրդավարական դիմակայունության հիմնասյուները։ Չնայած առկա դժվարություններին, Հայաստանին հաջողվել է պահպանել այնպիսի միջավայր, որտեղ խոսքի ազատությունը և ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահությունը մնում են առաջնահերթություն։ Սա հույս է ներշնչում, որ հետևողական բարեփոխումների շնորհիվ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները մոտ ապագայում ավելի բարելավելու իր դիրքերը։
