19 մարտի 2026 – 17:18 AMT
PanARMENIAN.Net – Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մարտի 19-ին հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2026. ավտոկրատիայի աճող ստվերը» զեկույցը։ Նշվել է, որ 2025 թվականին համաշխարհային ազատությունն արդեն 20-րդ տարին անընդմեջ նվազել է։ Տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 54 երկրում քաղաքական իրավունքներն ու քաղաքացիական ազատությունները վատթարացել են, մինչդեռ միայն 35 երկրում է գրանցվել բարելավում։
Հայաստանը ներառվել է մասամբ ազատ երկրների շարքում՝ ունենալով 100-ից 54 միավոր․ քաղաքական ազատությունները գնահատվել են 40-ից 23, իսկ քաղաքացիական ազատությունները՝ 60-ից 31։ Նշվել է, որ նախորդ տարվա համեմատ Հայաստանի միավորը չի փոփոխվել։ Համացանցի ազատության ցուցանիշով երկիրը դասվել է ազատ երկրների շարքին՝ 72 միավորով, հայտնում է Factor.am-ը:
Հարևան երկրներից Վրաստանը նույնպես ընդգրկվել է մասամբ ազատ երկրների խմբում՝ 51 միավորով, սակայն նախորդ տարվա 55 միավորի համեմատ գրանցել է հետընթաց։ Զեկույցում նշվել է, որ 2024 թվականին սկսված լայնածավալ հակակառավարական բողոքի ցույցերը շարունակվել են նաև 2025-ին՝ ուղեկցվելով անհամաչափ ուժի կիրառմամբ և ոստիկանության վատ վերաբերմունքով ցուցարարների նկատմամբ։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ընդդիմախոսները ենթարկվել են ֆիզիկական հարձակումների, հետապնդումների և նոր օրենսդրական սահմանափակումների, որոնք խոչընդոտել են քաղաքական և քաղաքացիական մասնակցությանը։
Ադրբեջանը ստացել է 100-ից 6 միավոր և մնացել է ոչ ազատ երկրների շարքում՝ նախորդ տարվա 7 միավորի համեմատ նվազումով։ Նշվել է, որ վերջին 20 տարվա ընթացքում երկրի ցուցանիշը 33-ից նվազել է մինչև 6։ Զեկույցը ընդգծել է, որ 2005 թվականից ի վեր Ադրբեջանում ամրապնդվել է ավտորիտար կառավարման համակարգը, որը կենտրոնացած է նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի շուրջ։
Արձանագրվել է, որ Ալիևը, 2003 թվականին իշխանության անցնելուց հետո, իրականացրել է սահմանադրական փոփոխություններ, որոնք ընդլայնել են նախագահի լիազորությունները, վերացրել ժամկետային սահմանափակումները և թուլացրել օրենսդրական ու դատական անկախությունը։ Անկախ դատական համակարգի և լրատվամիջոցների բացակայության պայմաններում կոռուպցիան շարունակել է տարածվել, իսկ պետական ակտիվները դիտարկվել են որպես մասնավոր հարստության աղբյուր։
Զեկույցում նաև նշվել է, որ նման ավտորիտար համակարգերը օգտագործել են պետական ինստիտուտները և ռեսուրսները՝ քաղաքական գերիշխանությունը պահպանելու համար՝ հենվելով հովանավորչական ցանցերի վրա։ Ալիևների ընտանիքը կիրառել է պետական նավթային ընկերությունը որպես ազդեցության գործիք՝ տրամադրելով շահավետ պայմանագրեր և պաշտոններ հավատարիմ բիզնեսներին ու անձանց, որոնք փոխարենը աջակցել են իշխանությանը ընտրությունների ժամանակ։
Նշվել է նաև, որ պետական միջոցները օգտագործվել են կառավարամետ լրատվամիջոցների ֆինանսավորման համար՝ իշխանության հեղինակությունը բարձրացնելու և ընդդիմությանը վարկաբեկելու նպատակով։ Զեկույցի համաձայն՝ երբ այս մեխանիզմները բավարար չեն եղել այլախոհությունը զսպելու համար, կիրառվել են ավելի կոշտ միջոցներ՝ անվտանգության ուժերի և քրեական արդարադատության համակարգի միջոցով։
Չնայած 2002 թվականից ի վեր Ադրբեջանը պահպանել է «ոչ ազատ» կարգավիճակը, վերջին երկու տասնամյակներում նրա ցուցանիշը շարունակաբար նվազել է։
Զեկույցում Թուրքիան գնահատվել է 32 միավորով, իսկ Իրանը՝ 10 միավորով, և երկուսն էլ դասվել են ոչ ազատ երկրների շարքին։