Հիտլեր vs Զելինսկի. ընտրական պայքար Ֆրանսիայում

Հիտլեր vs Զելինսկի. ընտրական պայքար Ֆրանսիայում

Ֆրանսիայի Արսի-սյուր-Օբ քաղաքը, որն ունի ընդամենը 2785 բնակիչ, համացանցում ճանաչում է ձեռք բերել քաղաքապետի թեկնածուներ Շառլ Հիտլերի և Անտուան Ռենո-Զելինսկիի ազգանունների պատճառով։

Շառլ Հիտլերը, ով գլխավորում է կենտրոնամետների ցուցակը, պատմում է, որ վերջին օրերին, սոցիալական ցանցերում տարածվող «37% Արսիի բնակիչները հիտլերյաններ են» տեսակի մեկնաբանությունները լուրջ անհանգստություն են առաջացնում։

Արսի-սյուր-Օբում ընտրական պայքարը դարձել է ոչ թե քաղաքական ծրագրերի, այլ սոցիալական ցանցերում կատարվող կատակների թեմա։ Հիտլերի գլխավոր մրցակիցը, 28-ամյա մաքսային ծառայող Անտուան Ռենո-Զելինսկին՝ ծայրահեղ աջ «Հայրենասիրական շարժումից», հայտնել է, որ իր ազգանունը կապ չունի Ուկրաինայի նախագահի ազգանվան հետ։ «Մարդիկ հաճախ հարցնում են՝ արդյոք կապ ունեմ Զելենսկու հետ, և ես ստիպված եմ ասել՝ ոչ՝ նշելով, որ լեհական տարբերակը վերջանում է “i”-ով, իսկ ուկրաինականը՝ “y”-ով»,– ասել է նա։

Կիրակի սպասվող ընտրությունների երկրորդ փուլում Շառլ Հիտլերը մրցելու է Ռենո-Զելինսկու և Անի Սուկայի հետ։ Առաջին փուլում Շառլ Հիտլերը փոքր առավելությամբ առաջատարն էր։

Ֆրանսիայում Հիտլեր ազգանունը հազվադեպ էր նույնիսկ մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմը և գրեթե ամբողջությամբ անհետացել է այսօր։

Leave a Comment