ՅՈւՆԻՍԵՖ․ մանկական մահացության նվազման տեմպերն աշխարհում դանդաղել են

ՅՈւՆԻՍԵՖ․ մանկական մահացության նվազման տեմպերն աշխարհում դանդաղել են

19 մարտի 2026 – 12:07 AMT

PanARMENIAN.Net – ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը՝ ՅՈւՆԻՍԵՖ-ը, հայտարարել է, որ մանկական մահացության նվազման տեմպերը դանդաղել են:

2024 թվականին աշխարհում մահացել է մինչև 5 տարեկան 4․9 միլիոն երեխա, որոնցից 2․3 միլիոնը՝ նորածիններ: Այդ մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ՅՈւՆԻՍԵՖ-ի համատեղ զեկույցում, որը հրապարակվել է մարտի 17-ին։

Երկու կազմակերպությունների տվյալներով՝ 2000 թվականից ի վեր մինչև 5 տարեկան երեխաների մահացությունը նվազել է ավելի քան երկու անգամ, սակայն 2015 թվականից հետո այդ նվազման տեմպերը դանդաղել են ավելի քան 60 տոկոսով, գրում է Deutsche Welle-ն:

Ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Աֆրիկայում: Սահարայից հարավ գտնվող աֆրիկյան երկրներին բաժին է հասել նման մահերի 58 տոկոսը, իսկ Հարավային Ասիային՝ 25 տոկոսը։ Այս դեպքերից շատերը հնարավոր էր կանխել՝ ապահովելով որակյալ բժշկական օգնություն։

Զեկույցում ընդգծվել է, որ 2024 թվականին մահացած երեխաներից 100,000-ը դարձել են ծանր թերսնման զոհ։ Միևնույն ժամանակ, իրական ցուցանիշները «զգալիորեն ավելի բարձր են», եթե հաշվի են առնվում նաև թերսնման անուղղակի հետևանքները, օրինակ՝ դրա բացասական ազդեցությունը իմունային համակարգի վրա, նշել են հետազոտության հեղինակները։

Նորածինների մահացության հիմնական պատճառները համարվել են վաղաժամ ծննդի հետ կապված բարդությունները (դեպքերի 36 տոկոս) և ծննդաբերության ընթացքում առաջացած բարդությունները (21 տոկոս)։ Կյանքի առաջին ամսից հետո երեխաները մահացել են վարակիչ հիվանդություններից, մասնավորապես մալարիայից, ինչպես նաև ծանր լուծից և թոքաբորբից։

ԱՀԿ-ն գլոբալ առողջապահության ոլորտում «ամենաարդյունավետ միջոցների» շարքում ընդգրկել է «փորձված և մատչելի միջոցառումներ», ինչպիսիք են պատվաստումները, սովի դեմ պայքարը և պատշաճ մանկաբարձական խնամքի ապահովումը։

Զեկույցի հեղինակները կոչ են արել ուժեղացնել մանկական մահացության դեմ ուղղված քայլերը, մասնավորապես՝ բարելավել որակյալ բժշկական օգնության հասանելիությունը։

ՅՈւՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը քննադատել է համաշխարհային ֆինանսավորման կրճատումները՝ նշելով. «Ոչ մի երեխա չպետք է մահանա այն հիվանդություններից, որոնք մենք կարողանում ենք կանխել։ Բայց մենք տեսնում ենք մտահոգիչ նշաններ, որ երեխաների գոյատևման առաջընթացը դանդաղում է, և դա տեղի է ունենում այն պահին, երբ համաշխարհային բյուջեները շարունակում են կրճատվել»։

Leave a Comment