Ըստ Reuters-ի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է զորքերի տեղակայումը Մերձավոր Արևելքում՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների հաջորդ փուլին պատրաստվելու ֆոնին։ Աղբյուրների փոխանցմամբ՝ Վաշինգտոնը փորձում է ընդլայնել իր հնարավորությունները, քանի որ հակամարտությունը արդեն երրորդ շաբաթն է շարունակվում։
Քննարկվող տարբերակներից մեկը վերաբերում է Հորմուզի նեղուցով նավթատար նավերի անվտանգ անցման ապահովմանը։ Սա հիմնականում նախատեսվում է իրականացնել օդային և ծովային ուժերով, սակայն չի բացառվում նաև ամերիկյան զորքերի տեղակայումը Իրանի ափամերձ շրջաններում։
Բացի այդ, ամերիկյան պաշտոնյաները քննարկում են նաև Իրանի Խարկ կղզի հնարավոր զորքեր ուղարկելու տարբերակը, որը հանդիսանում է երկրի նավթի արտահանման հիմնական հանգույցը։ Փորձագետների գնահատմամբ՝ նման գործողությունը կարող է լինել չափազանց ռիսկային՝ հաշվի առնելով Իրանի հրթիռային և անօդաչու հնարավորությունները։
Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը դիտարկում է նաև Իրանի բարձր հարստացված ուրանի պաշարները վերահսկելու նպատակով ուժերի կիրառման տարբերակը։
Չնայած ակտիվ քննարկումներին՝ Սպիտակ տան ներկայացուցիչները նշում են, որ վերջնական որոշում դեռևս չկա, և նախագահը դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները։
ԱՄՆ-ը շարունակում է ինտենսիվ հարվածները՝ փետրվարի 28-ից ի վեր իրականացնելով ավելի քան 7800 գործողություն և վնասելով կամ ոչնչացնելով ավելի քան 120 իրանական նավ։ Պատերազմի ընթացքում արդեն զոհվել է 13 ամերիկացի զինվոր, իսկ մոտ 200-ը վիրավորվել են, թեև նրանց մեծ մասը ստացել է թեթև վնասվածքներ։
