19 մարտի 2026 – 11:19 AMT
PanARMENIAN.Net – Ազգային ժողովրդավարական բևեռը՝ ԱԺԲ-ն, դեռևս որոշում չի կայացրել առաջիկա ընտրություններին մասնակցելու հարցում։ Այդ մասին ասել է ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը հավելելով, որ քննարկումները շարունակվում են, հայտնում է «Փաստինֆոն»:
«Մենք Եվրոպայի և Ամերիկայի մեր համախոհների հետ առցանց քննարկումներ ենք անում, նաև Հայաստանում պարբերաբար քննարկում-ժողովներ ենք անցկացնում՝ տարբեր մարզերից եկածների հետ։ Այդ բոլորը միավորելով, կարծում եմ, երկու շաբաթից հստակ կլինի։ Ուղղակի խնդիրն այն է, որ շատ բան է արագ փոփոխվում, և չենք շտապում, քանի որ մինչև ապրիլի կեսը ժամանակ ունենք», — նշել է նա։
Պապյանի խոսքով՝ իր անձնական դիրքորոշումն այն է, որ չպետք է մասնակցեն ընտրություններին, իսկ մասնակցելու դեպքում էլ չպետք է համագործակցեն այլ ուժերի հետ։
«Առանձին պիտի գնանք, բայց ես իմաստ չեմ տեսնում մասնակցության մեջ։ Այդ պատճառով ավելի կողմ եմ չմասնակցելուն, որովհետև չեմ կարծում, որ քաղաքական պայքարը միայն ընտրություններով է։ Իսկ ընտրությունները արդեն սկսել են խախտվել, հասկանու՞մ եք, Նիկոլ Փաշինյանը գնում է մարզեր՝ քարոզարշավ ծավալելով պետական միջոցների հաշվին», — ասել է Պապյանը։
Հարցին, թե իր տեսակետին քանի հոգի են աջակցում կուսակցությունում, նա նշել է, որ գերակշռող դիրքորոշում դեռևս չկա։
«Ամեն դեպքում՝ 1-2 շաբաթից որոշումը առավել հստակ կլինի», — եզրափակել է նա։
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: