Կառավարությունը չզեկուցվող նախագծերի թվում ընդունել է «Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների էլեկտրոնային առևտրի» համաձայնագիր կնքելու մասին որոշումը։
Ըստ հիմնավորման՝ համաձայնագրի նախագիծը հավանության է արժանացել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 43 կարգադրությամբ և ուղարկվել է անդամ պետություններին՝ ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ապահովելու նպատակով։ Փաստաթղթի նպատակն է ապահովել Միության ներքին շուկայի շրջանակում պատշաճ փոխադարձ էլեկտրոնային առևտուրը, պաշտպանել մասնակիցների իրավունքներն ու իրավական շահերը, ինչպես նաև սահմանել նրանց միջև փոխգործակցության կանոնները։
Նշվում է, որ համաձայնագրով կարգավորվում է էլեկտրոնային առևտրի մասնակիցների ձեռնարկատիրական գործունեությունը՝ սպառողներին հեռակա կարգով ապրանքներ առաջարկելու և վաճառելու գործընթացում։ Այն սահմանում է նաև ապրանքների փոխադարձ էլեկտրոնային առևտրի իրականացման պայմանները, ներառյալ՝ խտրականության բացառման, ազատ տեղաշարժի և ծառայությունների մատուցման սկզբունքները։
