Կառավարությունը չզեկուցվող նախագծերի թվում ընդունել է «Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիային միանալու մասին որոշումը։
Ըստ հիմնավորման՝ ստորջրյա մշակութային ժառանգությունը հանդիսանում է մարդկության մշակութային ժառանգության անբաժանելի մաս՝ ներառելով մշակութային, պատմական և հնագիտական բնույթի այն բոլոր հետքերը, որոնք առնվազն 100 տարի մասամբ կամ ամբողջությամբ գտնվել են ջրի տակ։ Փաստաթղթում նշվում է, որ այդ ժառանգությունը գտնվում է սպառնալիքի տակ և անհրաժեշտ է դրա արդյունավետ պաշտպանությունն ու պահպանությունը՝ կիրառելով լավագույն գործնական միջոցները։
Նախագծով ընդգծվում է, որ Հայաստանի ջրային ավազաններում, այդ թվում՝ Սևանա լճում, առկա են կոնվենցիայի շրջանակում պաշտպանության ենթակա մշակութային շերտեր, որոնց պահպանության հարցերը պահանջում են իրավական կարգավորում։ Միաժամանակ նշվում է, որ կոնվենցիային միանալը կարող է նպաստել միջազգային համագործակցության զարգացմանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում Հայաստանի ներգրավվածության ակտիվացմանը։
