Կարապետյանի AI ուղերձը. «Մշակել ենք ուժեղ խաղաղության համակարգային ծրագիր»

Կարապետյանի AI ուղերձը. «Մշակել ենք ուժեղ խաղաղության համակարգային ծրագիր»

18 մարտի 2026 – 18:35 AMT

PanARMENIAN.Net«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մշակել է ուժեղ խաղաղության համակարգային ծրագիր՝ անվտանգության և դիվանագիտության ոլորտի միջազգային փորձագետների հետ, հայտարարել է Սամվել Կարապետյանն արհեստական բանականությամբ (AI) գեներացված ելույթում կուսակցության անվտանգային ծրագրի շնորհանդեսի ժամանակ:

Ելույթում նշվել է, որ խաղաղության ապահովման համար անհրաժեշտ է ուժեղ պետություն և հզոր բանակ, հայտնում է Aysor.am-ը:

«Հանրահայտ կանոն է՝ պատերազմը գալիս է այնտեղ, որտեղ չկա ուժ, թույլ բանակը հրահրում է թշնամուն, իսկ ուժեղ բանակը պահպանում է խաղաղությունը։ Խաղաղությունը չեն ստեղծում աղերսելով, այն պահում են ուժով»,- նշվել է Կարապետյանն AI ելույթում։

Նրա խոսքով՝ կարևոր է կառուցել այնպիսի Հայաստան, որտեղ զինվորական ծառայության տարիքի հասնելը քաղաքացիների համար լինի վստահության, այլ ոչ թե վախի պատճառ։

«Խաղաղության համակարգային ծրագրի ուղղությամբ մեր աշխատանքն ունի երեք հիմնական ուղղություն՝ ուժեղ բանակ, խելացի դիվանագիտություն և տնտեսական անկախություն։ Հենց այս համակողմանի ծրագրի իրագործման միջոցով ենք ունենալու ուժեղ Հայաստան»,- ասել է նա։

Կարապետյանի խոսքով՝ Հայաստանի սահմանները պետք է լինեն ամուր և անխախտ, իսկ մշտական հետախուզական կենտրոնները, անօդաչու հետախուզությունը և արհեստական բանականության վերլուծական համակարգերը կարող են նպաստել սահմանների պաշտպանությանն ու զինվորների անվտանգությանը։

«Մեր օրոք երկիրը պաշտպանված կլինի բազմաշերտ հակաօդային և հակադրոնային համակարգերով, ուժեղ Հայաստանում զինվորական ծառայության հիմքը պետք է լինի բարձր պրոֆեսիոնալիզմով, տեխնոլոգիական հենքով առաջադեմ բանակը։ Զինծառայողի արժանավայել կեցությունը առաջնահերթություն է»,- նշել է նա։

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Կարապետյանը նշել է, որ Հայաստանը պետք է խոսի աշխարհի հետ վստահ՝ ուժեղ դիրքից։

«Արտաքին քաղաքականությունը կլինի պրագմատիկ, հավասարակշռված։ Արևելքի և Արեւմուտքի միջև գործողությունները կլինեն հստակ՝ պահպանելով մեր կարմիր գծերը։ Մենք կշարունակենք երկխոսությունը մեր ռազմավարական գործընկերների հետ՝ միաժամանակ խորացնելով հարաբերություններն այլ գերտերությունների և երկրների հետ»,- ասել է նա։

Կարապետյանի խոսքով՝ իր 30 տարվա բիզնես փորձը իրեն սովորեցրել է բանակցել հավասար պայմաններով աշխարհի տարբեր երկրներում։

Նա նաև նշել է, որ իր թիմը արդեն կապեր է հաստատել սփյուռքի ներկայացուցիչների հետ, ինչը կարող է նպաստել ներդրումների ներգրավմանը։

«Մենք առաջարկում ենք ուժեղ, մնայուն խաղաղություն։ Պետք է դադարեցնել «խաղաղություն աղերսելու» քաղաքականությունը և անցնել «առաջնայինը՝ Հայաստանը և մեր շահերը» քաղաքականությանը։ Հայաստանը պաշտպանություն չի խնդրի, այն կկառուցի սեփական ուժերով։ Թույլերը չեն կարող լռեցնել ուժեղներին, Հայաստանը չի կարող լռեցվել, այլևս թույլ չենք լինելու»,- ասված է ելույթում։

Կարապետյանը կալանավորվել է 2025 թվականի հունիսի 18-ին, և հետագայում դատարանի որոշումներով կալանքի ժամկետը մի քանի անգամ երկարացվել է։ Դեկտեմբերի 30-ին դատարանը բավարարել է պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը՝ կալանքը փոխարինելով տնային կալանքով և գրավով։

Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Հոկտեմբերի 13-ին Քննչական կոմիտեն հայտնել է, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, և այն լրացվել է նաև Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։ Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։

Leave a Comment