18 մարտի 2026 – 18:53 AMT
PanARMENIAN.Net – V-Dem զեկույցով ժողովրդավարության անկման ուժգնությամբ ՀՀ-ն 6-րդն է աշխարհում, գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում:
Նա արձագանքել է V-Dem ինստիտուտի հրապարակած տարեկան զեկույցին, որը վերաբերում է աշխարհում ժողովրդավարության վիճակին, որը, նրա խոսքով, «կրկին արձանագրել է ժողովրդավարության հետընթաց Հայաստանում»։
«Ժամանակին սրանք այնքան կարևոր զեկույցներ էին Նիկոլի համար, որ նա նույնիսկ հրապարակավ հիշատակում էր և հղում անում իր համար շահեկան հատվածական գնահատականների վրա։

Հիմա նա լռում է, որովհետև անգամ բարենպաստ գեոպոլիտիկ քամիների դեպքում հնարավոր չէ թաքցնել երկրի շարունակվող բռնապետացումը։
Եվ դրա հերթական դրսևորումներից էր Արմինե Օհանյանի հանդեպ զավեշտալի քաղաքական հետապնդումը։
Նիկոլը նմանվում է թմրամոլի, ում իր արևմտյան կուռատորները խորհուրդ են տալիս թուլացնել ճնշումները (տնային կալանքների կիրառում բանտայինների փոխարեն և այլ «թեթևացումներ»), բայց նա, մեկ է, զուգահեռ «քթերն է քաշում» նոր քաղաքական հետապնդումների ադրենալինը։
Վերադառնամ զեկույցին։ Արդեն ասել եմ, որ, օրինակ, «լիբերալ ժողովրդավարության ցուցիչով» մեկ տարվա ընթացքում Հայաստանը նահանջել է 10 հորիզոնականով՝ 76-ից դեպի 86-րդ։

Իսկ հիմա նայեք կցված սլայդին, ըստ որի ժողովրդավարության անկման ուժգնությամբ Հայաստանը 6-րդն է աշխարհում։
Նիկոլ, շնորհավորում եմ։ Բայց էլի տեղ կա կատարելագործվելու որպես բռնապետ, ջանք գործադրիր, որ բռնապետականացողների եռյակում լինես։ Դու կարող ես։ Մնում է մենք թույլ չտանք»,-ասվում է գրառման մեջ: