ՌԴ Իրկուտսկի մարզային խորհրդարանը հինգ ժամ քննարկել է օրենսդրական փոփոխություն, որ նախատեսում է մի քանի անգամ կրճատել «հատուկ ռազմական գործողության գոտում» զոհված զինծառայողների ընտանիքներին և վիրավորներին վճարվող միանվագ փոխհատուցման գումարները:
Մարզային պատգամավորներն առաջարկում են այսուհետև յուրաքանչյուր զոհվածի ընտանիքի վճարել 500 հազար ռուբլի՝ նախկին 1 միլիոն 400 հազարի փոխարեն:
Ուկրաինայի դեմ պատերազմում ծանր վիրավորում ստացած զինվորականներին նախկին 600 հազարի փոխարեն առաջարկվում է վճարել 120 հազար ռուբլի, իսկ թեթև վիրավորներին կվճարվի ընդամենը 60 հազար ռուբլի՝ նախկին 300 հազարի փոխարեն:
Օրինագիծը միաժամանակ առաջարկում է կրկնապատկել պատերազմին մասնակցելու համար պայմանագրի մեկնարկային գումարը՝ այն մեկ միլիոնից հասցնելով 2,1 միլիոն ռուբլու: Օրինագծի հեղինակները, սակայն, վերապահում են արել, որ նախնական կալանքի տակ կամ ազատազրկման վայրերում գտնվող անձինք այդ կրկնակի հավելավճարից չեն օգտվի, նրանց հետ պայմանագիրը դարձյալ կգնահատվի մեկ միլիոն ռուբլի:
Իրկուտսկի մարզային խորհրդարանի նիստի տեսագրությունը հայտնվել է Ուկրաինայում լույս տեսնող «Եվրոպեյսկայա պրավդա» պարբերականի տրամադրության տակ: Ըստ լրատվամիջոցի, օրինագծին «դեմ» քվեարկել է միայն մի կին պատգավոր:
Նա այդ քննարկումն անվանել է «ֆարս»: Մյուս ելույթ ունեցողները ֆինանսական հատկացումների կրճատումը բացատրել են «մարզի մրցունակության պահպանման անհրաժեշտությամբ»:
Խոսքն, ըստ երևույթին, այն մասին է, որ ուկրաինական պատերազմին նոր հավաքագրումների համար մեծ գումարներ են անհրաժեշտ, իսկ որպեսզի ազատ միջոցներ լինեն, պետք է հրճատել զոհվածների ընտանիքներին և վիրավորներին հատկացվող դրամական փոխհատուցումները:
Ինչպես մարզային խորհրդարանի պատգամավորներից մեկն է արտահայտվել, «հարկավոր է կատարել պաշտպանության նախարարության ներկայացրած պահանջները»:
Ի՞նչ վիճակ է տիրում ՌԴ սուբյեկտներում և դաշնային օկրուգներում, հստակ տեղեկություններ չկա: Որոշ աղբյուրներ հայտնել են, որ վերջին զորակոչի ընթացքում «տեղական իշխանությունները ձեռնարկություններին պարտավորցրել են պահպանել պատերազմ գնացողների եռամսյա աշխատավարձը»:
Որքանո՞վ է այդ գումարը լուծում նրանց ընտանիքների սոցիալ-կենցաղային հարցերը, այդ և այլ հարցեր ռուսաստանյան մամուլում, որպես կանոն, չեն քննարկվում:
Ավելի վաղ BBC-ն լրագրողական հետաքննություն է անցկացրել և պարզել, որ պատերազմին «կամավորագրվում են հիմնականում Ռուսաստանի փոքր քաղաքների և գյուղերի բնակիչները, որ աշխատանք չունեն»:
Եթե Իրկուտսկի մարզային խորհրդարանի նախաձեռնությունը տարածվի նաև այլ ռեգիոններում, ինչի հավանականությունը շատ բարձր է, ապա ռուսաստանցիների մեծ մասը կկորցնի պատերազմին մասնակցելու հիմնական մոտիվացիան:
Այդ դեպքում, Պուտինը թերևս անցնում է «հերթափոխային պարտադիր զորակոչի»: