ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում արված գրառմամբ անդրադարձել է Իրանի «Հարավային Պարս» գազային հանքավայրի վրա հարձակմանը։ Նա գրել է, որ ԱՄՆ-ն «ոչինչ չգիտեր» իսրայելական հարձակման մասին, սակայն եթե Իրանը կրկին պատասխան հարված հասցնի Կատարին, Վաշինգտոնը կգնա էսկալացիայի։
Թրամփի ներկայացմամբ՝ Իսրայելը «զայրույթից» հարվածել է հանքավայրին և խոցել է «համեմատաբար փոքր մասը»։ Իրանը, որը «չգիտեր» դրա մասին, պատասխանել է Կատարի Ռաս Լաֆանում հեղուկ բնական գազի գործարանի վրա հարձակմամբ, ինչը, Թրամփի խոսքով, «անարդարացի և անարդար» էր։
Թրամփը խոստացել է, որ Իսրայելը այլևս չի հարձակվի «Հարավային Պարսի» վրա՝ այն անվանելով «չափազանց կարևոր և արժեքավոր»։ Սակայն եթե Իրանը հարձակվի Կատարի վրա, ԱՄՆ-ն «կոչնչացնի» այդ հանքավայրը «այնպիսի ուժով, որը Իրանը երբեք չի տեսել»։
«Ես չեմ ուզում հասնել այդպիսի բռնության և ավերածության մակարդակի՝ երկարաժամկետ հետևանքների պատճառով Իրանի համար, բայց եթե Կատարի ՀԲԳ-ն կրկին հարձակման ենթարկվի, ես դա կանեմ առանց վարանելու»,- գրել է Թրամփը։
