ՀՀ իշխանությունները որոշել են փոփոխություններ կատարել Արցախից տեղահանվածների համար նախատեսված բնակարանային ծրագրում, հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով՝ Երևանի սահմանակից համայնքներում բնակարանային ծրագրով փոխհատուցման չափը 3 մլն դրամից կավելանան մինչև 4 մլն դրամ: Նա նշել է, որ որոշումը կունենա հետադարձ ուժ, ինչը նշանակում է, որ ծրագրի շրջանակներում արդեն բնակարան ձեռք բերած քաղաքացիները կկարողանան ստանալ լրացուցիչ միջոցներ:
«Եթե հավելյալ վարկ է ներգրավված եղել, կարող են վճարել այդ հավելյալ վարկի մայր գումարը»,- ասել է նա: Ծրագիրը փոփոխելու որոշումը կայացվել է Երևանում Արցախից տեղահանվածների խնդիրներին նվիրված համաժողովից հետո, նշել է Թորոսյանը:
Միջոցառմանը ելույթ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հայտնել է, որ մինչ օրս Արցախից մոտ 1700 տեղահանված ընտանիքներ բնակարան են ձեռք բերել պետական աջակցության ծրագրերով: Խոսելով կառավարության առաջնահերթությունների մասին տեղահանվածների հարցերը լուծելու հարցում՝ Փաշինյանը նշել է, որ «շատ կարևոր է համարում օգնել մեր եղբայրներին և քույրերին դուրս գալ հոգեբանական փնտրտուքի վիճակից»:
«Մենք պետք է կենտրոնանանք նրա վրա, որ օգնենք, ամեն ինչով աջակցենք, որ ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, երկրորդը տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում և հարատև իրենց և իրենց ընտանիքների ճակատագիրը կապեն Հայաստանի Հանրապետության հետ», – հայտարարել է վարչապետը։ Նա նաև նշել է, որ 2023 թվականից սկսած՝ պետական բյուջեից մոտ 145 մլրդ դրամ է հատկացվել բռնի տեղահանվածների կարիքների համար։ Նրա խոսքով՝ կառավարությունը միշտ մշտական կապի մեջ է Արցախից տեղահանվածների հետ՝ տարբեր ձևաչափերով, և նրանց հարցերը եղել են կառավարության առաջնահերթությունների շարքում։
Միջոցառման ժամանակ իր ելույթում Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտնել է, որ մինչ օրս րցախից տեղահանվածների 34,576-ը ստացել է Հայաստանի քաղաքացիություն։ Սարգսյանը հավաստիացրել է՝ մերժման որևէ դեպք չի գրանցվել:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ տեղահանված 28000 անչափահասից մոտ 12 000-ն անձնագրավորման եղանակով ստացել են ՀՀ քաղաքացիություն:
ԶԼՄ-ները փետրվարին հայտնել էին, որ 19 000 արցախցու քաղաքացիության դիմում մնացել է անպատասխան։
