Ադրբեջանը դեռևս 2025 թվականի հուլիսին ոչնչացրել է Արցախի Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի Հայրենական պատերազմի և Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանները, Արցախյան առաջին պատերազմի տարիներին գյուղի պաշտպանների շիրիմները, որոնք գտնվում էին հուշարձանի տարածքում, հայտնում է Monument watch-ը։
Ադրբեջանը նաև ոչնչացված հուշարձանի տեղում կանգնեցրել է գյուղի հնարած ադրբեջանական անվան (Xanyurdu kəndi) ցուցանակը։
Հայկական մշակութային ժառանգության մոնիթորինգով զբաղվող նախաձեռնությունը նշել է, որ ոչ միայն ոչնչացվել է հուշարձանը, այլ նաև կատարվել են զգալի հողային աշխատանքներ, ինչն ակնհայտ երևում է, երբ համեմատվում են հուշարձանի 2023 թվականի արբանյակային լուսանկարները:
Ադրբեջանը 2025 թվականին վերաբնակեցրել է Խնածախ գյուղը և տարածել ադրբեջանցիների «վերադարձը» փաստող լուսանկարներ:
Նախաձեռնությունը շեշտել է, որ Հայրենական Մեծ պատերազմին և Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանների ոչնչացումը «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության խախտում է։
Այն խախտում է նաև Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումները, որով դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները։
Հուշարձանի ոչնչացումը խախտում է նաև Միջազգային մարդասիրական իրավունքի 38-րդ, 39-րդ, 40-րդ և 41-րդ կանոնները։ Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները ունեն միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են բոլոր պետությունների համար։
