«Ես ամեն օր երեխայի վիճակի մասին հետաքրքրվում եմ. ունենք դրական տեղաշարժ, երեխան բժիշկների հսկողության տակ է»:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 1,2 տարեկան երեխայի առողջական վիճակին:
«Ես ուզում եմ իմ շնորհակալությունը և գնահատանքը արտահայտել ողջ բժշկական անձնակազմին, որոնք իրենց պրոֆեսիոնալ և ճշգրիտ աշխատանքի շնորհիվ փրկել են երեխայի կյանքը»,- ասել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք,որ արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Կեսգիշերից անց «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա։ Նրա սրտի աշխատանքը վերականգնվել է, սակայն վիճակը շարունակում է մնալ ծանր:
Երեխան հոսպիտալացվել է ծեծի հետևանքով։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել է երեխայի խորթ մայրը: