Կառավարությունն առաջարկում է բարձրացնել ՍԴ դատավորների աշխատավարձը։ Համապատասխան օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովում։ Քննարկմանը չի մասնակցել հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Նրան օրերս հանրապետության նախագահն առաջադրել է ՍԴ դատավորի թեկնածու։
Գործադիրի վերլուծությունը ցույց է տվել, որ Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձը համարժեք չէ նրանց իրավական բարձր կարգավիճակին, լիազորությունների ծավալին և մեծ պատասխանատվությանը։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ օբյեկտիվ անհրաժեշտություն կա վերանայելու ՍԴ դատավորների վարձատրության կառուցվածքը և սահմանելու լրացուցիչ աշխատավարձի տարբերակված համակարգ․
«Նրանց բարձր կարգավիճակի և պատասխանատվությանը համապատասխան՝ դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար հավելավճար կտրվի, այսինքն՝ խոսքը ոչ թե գործակցի բարձրացման մասին է, այլ ըստ աշխատած տարիների հավելավճարների սահմանման։ Մասնավորապես՝ պաշտոնավարման երկրորդ տարում 20 %-ի չափով, երրորդ տարում՝ 35 %-ի չափով, չորրորդ տարվանից սկսած՝ յուրաքանչյուր հաջորդ տարում, նախորդ տարվա համար նախատեսված հավելավճարի չափից 10 %-ով ավելի։ Ընդ որում՝ անցումային դրույթի ուժով քննարկվող հավելավճարի հաշվարկման համար հաշվի են առնելու օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ՝ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում աշխատած տարիները»։
Որքա՞ն է ավելանալու, օրինակ, 4 տարի ՍԴ դատավորի պաշտոնում աշխատող անձի աշխատավարձը՝ հարցնում է պատգամավոր Գեղամ Նազարյանը․
«Գործակիցը դատավորի, եթե չեմ սխալվում, 12 է։ Հետևաբար, 12 անգամ նվազագույն աշխատավարձ։ Այս տոկոսների հաշվարկման դեպքում մոտավորապես 400․000 դրամի տարբերություն է լինելու՝ դրական աճի միտումով»։
Աշխատանքային ստաժի համար վճարվելիք գումարի հաշվարկման մեկնակետը անձի՝ նախագահի, փոխնախագահի կամ դատավորի պաշտոնը ստանալու պահն է։ Օրենսդրական փաթեթն ընդունելուց հետո փոփոխությունը տարածվելու է նաև գործող դատավորների վրա։ Պետբյուջեից այս նպատակով ծախսվելու է 46 մլն 775 հազար 40 դրամ։
Ուշագրավ է, որ նախագիծը քննարկող պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, նախագահի առաջադրմամբ, օրերս դարձել է ՍԴ դատավորի թեկնածու և հրաժարվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամակցությունից։
«Հաշվի առնելով այս անցումային կարգավիճակը և այն, որ հնարավոր շահերի բախումից խուսափելու համար անհրաժեշտ է հնարավորինս պասիվ վարքագիծ դրսևորել, հետագայի համար որևիցե խնդիր չառաջացնելու ո՛չ իմ գործընկերների համար Ազգային ժողովում, ո՛չ հավանական գործընկերների համար Սահմանադրական դատարանում, ձեր թույլտվությամբ և համաձայնությամբ ես այսօր չեմ վարի նիստը»։
Սրբուհի Գալյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ՍԴ դատավորները կարևոր հանձնառություն ունեն սահմանադրականության ամրապնդման և զարգացման գործում։ Նրանց գործունեությունը, նախարարի համոզմամբ, միայն իրավական ակտերի սահմանադրականությունը գնահատելով չի սահամանափակվում։
«Այլ ընդգրկում է նաև իրավական համակարգ ներդրված նոր ինստիտուտների իրավաչափության նկատմամբ վերահսկողությունը։ ՍԴ-ն կատարում է իրավաքաղաքական վերահսկողական գործառույթներ, որոնք ուղղված են նորաստեղծ կամ զարգացող իրավական ինստիտուտների սահմանադրական համապատասխանության գնահատմանը»։
Սահմանադրական հարցերի մասին քննարկումը շարունակվեց հանձաժողովի դահլիճից դուրս։ Լրագրողների հարցին՝ ինչու չի հրապարակվում Սահմանադրության նոր տեքստը, մասնավորապես ներածությունը, Գալյանը պատասխանեց՝ շտապելու պատճառ չկա, սահմանադրական բարեփոխումների խորհուրդը համակողմանի քննարկումներից հետո միայն կհրապարակի այն։
«Սահմանադրության տեքստը նախագծի տեսքով լինելու է հրապարակային․ հրապարակային է լինելու նաև ներածությունը, և հանրությունը կարողանալու է տեսնել, թե ինչ է այնտեղ գրված։ Հիմա վարչությունում և խմբակցությունում են քննարկումները շարունակվում։ Սահմանադրությունը պարզ օրինագիծ չէ, և մեկ քննարկումով, վստահաբար, չենք կարող ամփոփել մեր մտքերը»։
«Ներածության մեջ պահպանվելո՞ւ է հղումը Անկախության հռչակագրին» հարցին նախարարը չպատասխանեց։ Ընդգծեց, որ դրանք աշխատանքային հարցեր են, հրապարակման ենթակա չեն, փոխարենը լրագրողները կարող են մասնակցել խորհրդի նիստերին ու մտահոգող հարցերի պատասխաններն այնտեղ ստանալ։
«Սահմանադրական բարեփոխումների խորհրդի քննարկումները հրապարակային են, ձեզ բոլորիդ հրավիրում եմ մասնակցելու խորհրդի նիստերին։ Մենք ունեցել ենք նիստեր, որոնց մասնակցել են զանգվածային լրատվության միջոցներ, և սա շատ կարևոր հանգամանք է, որ մենք կուլիսների հետևում չենք աշխատում։ Ինչ վերաբերում է ավելի լայն հանրային քննարկումներին, մենք չունենք հանրաքվեի ժամկետ»։
Սահմանադրության հանրաքվեն ու առաջիկա խորհրդարանական ընտրությունները չեն կարող համընկնել՝ վստահեցնում է արդարադատության նախարարը․ օրենսդրական արգելք կա։