Զեկուցողի խոսքով՝ նախագծով ուղևորների թռիչքային և սպասարկող անձնակազմի, ուղեբեռի ու բեռի նկատմամբ պատասխանատվության ապահովագրության նվազագույն ապահովագրական ծածկույթը համապատասխանեցվում է այն փոփոխություններին, որոնք ընդունվել են Եվրոպական միության ու Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից 2024 թվականին: Նախաձեռնությամբ սահմանվում են պատասխանատվության միջոցները, կատարման ապահովման հիմքերը, ինչպես նաև վեճերի լուծման կարգը:
Նախաձեռնությունը քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում և ստացել դրական եզրակացություն:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Առևտրաարդյունաբերական պալատների մասին», «Պետական տուրքի մասին» և կից օրենքներում նախատեսվող փոփոխությունները:
Օրենսդրական փաթեթի ընդունումը միտված է ապրանքների ծագման հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգի պարզեցմանը, հստակեցմանը, կանոնակարգմանը և կատարելագործմանը, ինչպես նաև փորձաքննություն իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջների ու փորձագետների որակավորման և քննության անցկացման կարգի սահմանմանը:
Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթում կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ:
Օրենքն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից:
Մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել են ««Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթի ու ««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրինագծերի փաթեթի քննարկումը: