18 մարտի 2026 – 17:40 AMT
PanARMENIAN.Net – Արգենտինահայ փաստաբան, SOAR կազմակերպության Բուենոս Այրեսի մասնաճյուղի ղեկավար Լուսիանա Մինասյանը հրատապ դիմում է հղել Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային՝ բարձրացնելով Ադրբեջանում պահվող հայ կալանավորների իրավունքների և պայմանների հետ կապված մտահոգությունները։ Այդ մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Նշվում է, որ ազատ արձակված գերիների ֆիզիկական և հոգեբանական վիճակը լուրջ անհանգստություն է հարուցում կալանքի մեջ մնացողների վիճակի վերաբերյալ:
Նշվում է, որ 2026 թվականի մարտի 13-ին Ռուբեն Վարդանյանը փորձել է կապ հաստատել օմբուդսմեն Ալիևայի հետ՝ օգտագործելով իր համար հասանելի միակ միջոցը՝ ընտանիքի հետ հեռախոսազանգը, սակայն այն ընդհատվել է մինչ նա կկարողանար ավարտել իր դիմումը, գրում է Panorama.am-ը:
Հաղորդագրության մեջ ընդգծվել է, որ դատավճիռների կայացումից ավելի քան մեկ ամիս անց հայ կալանավորներից և ոչ մեկը չի ստացել իր դատավճռի պաշտոնական պատճենը որևէ լեզվով։ Միաժամանակ նշվել է, որ կալանավայրի պայմանները նույնպես լուրջ մտահոգություն են առաջացնում։
«Դատավճիռ կայացնելուց ավելի քան մեկ ամիս անց, հայ կալանավորներից և ոչ մեկը չի ստացել իր դատավճռի պաշտոնական պատճենը՝ որևէ լեզվով: Նրանք տեղյակ չեն իրենց դատապարտման իրավական հիմքերից, ինչպես նաև այն մասին, թե ուր և երբ կարող են տեղափոխվել: Մենք խորապես մտահոգ ենք կալանավայրի պայմաններով: 2026 թվականի հունվարին ազատ արձակված գերիների ֆիզիկական և հոգեբանական վիճակը լուրջ անհանգստություն է հարուցում կալանքի մեջ մնացողների վիճակի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ կալանավորների և նրանց ընտանիքների միջև կապը խիստ սահմանափակվել է՝ վերածվելով հազվադեպ և կարճ հեռախոսազանգերի։ Ընտանիքները մտահոգություն են հայտնել, որ նույնիսկ այս նվազագույն կապը կարող է ամբողջությամբ դադարեցվել։
«Որպես մարդու իրավունքների հանձնակատար՝ տիկին Ալիևան ունի գործելու թե՛ լիազորություն, թե՛ պատասխանատվություն: Մենք պաշտոնապես պահանջել ենք տասնհինգ օրվա ընթացքում ստանալ բովանդակալից գրավոր պատասխան և ներկայացրել ենք մանրամասն նամակ՝ նկարագրելով հրատապ մտահոգությունները»,-ասվում է հայտարարության մեջ:
Լուսիանա Մինասյանը նամակում ներկայացրել է մի շարք պահանջներ՝ ուղղված ադրբեջանական կողմին։
«SOAR-ը պաշտոնապես խնդրում է, որ Ձեր գրասենյակը՝
Ապահովի բոլոր հայ կալանավորներին իրենց դատավճռի պաշտոնական տեքստի անհապաղ տրամադրումը՝ նրանց հասկանալի լեզվով.
Ապահովի, որ կալանավորներն ու նրանց ընտանիքները ժամանակին տեղեկացվեն տեղափոխման վերաբերյալ ցանկացած որոշման մասին՝ ներառյալ նպատակակետ հաստատությունը և տեղափոխման ամսաթիվը. Նպաստի կալանքի պայմանների և մնացած յուրաքանչյուր կալանավորի ֆիզիկական ու հոգեբանական վիճակի անկախ գնահատմանը.
Երաշխավորի կանոնավոր ընտանեկան կապի, ներառյալ՝ հեռախոսային հաղորդակցության շարունակությունը՝ առանց սահմանափակման կամ հատուցման.
Հաստատի սույն նամակի ստացումը և ապահովի բովանդակալից գրավոր պատասխան՝ տասնհինգ օրվա ընթացքում:
Թափանցիկությունը, տեղեկատվության հասանելիությունը և մարդկային հիմնական արժանապատվության պահպանումը անորոշ ժամանակով հետաձգելու ենթակա չեն: Այն կալանավորները, որոնց անունից ես գրում եմ, մարդիկ են, որոնք իրավունք ունեն ադրբեջանական օրենսդրությամբ և մարդու իրավունքների միջազգային չափանիշներով ամրագրված իրենց բոլոր իրավունքների լիարժեք պաշտպանության: Կոչ եմ անում Ձեր գրասենյակին գործել այն շտապողականությամբ, որն այս իրավիճակն անխուսափելիորեն պահանջում է»,-ասվում է նամակում:
Արգենտինահայ փաստաբան Լուսիանա Մինասյանն ավելի վաղ ներկայացնում էր Բաքվում գերության մեջ գտնվող Վիգեն Էուլջեքյանի շահերը: