Կվերացվի տպագիր մամուլում ծանուցումների հրապարակման պարտադիր պահանջը

Կվերացվի տպագիր մամուլում ծանուցումների հրապարակման պարտադիր պահանջը

18 մարտի 2026 – 14:04 AMT

PanARMENIAN.Net – Նախատեսվում է վերացնել ծանուցումների և այլ փաստաթղթային բնույթի տեղեկատվության տպագիր մամուլում պարտադիր հրապարակման պահանջը։ Այդ մասին հայտնել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում՝ ներկայացնելով «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» և կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող նախագծերի փաթեթը։

Նրա խոսքով՝ ներկայումս Հայաստանում գործում են մի շարք օրենքներ, որոնք պահանջում են տարբեր տեղեկությունների հրապարակում տպագիր մամուլում։ Այդ կարգավորումները արդիական են եղել այն ժամանակահատվածում, երբ տպագիր մամուլը հանրության իրազեկման հիմնական միջոցներից մեկն է եղել և նման հրապարակումները հնարավորություն են տվել ապահովել լայն շրջանակների տեղեկացվածությունը՝ հրապարակային ծանուցման միջոցով։

Սակայն վերջին տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացումը և թվային հարթակների հասանելիության ընդլայնումը ցույց են տվել, որ տպագիր մամուլով տեղեկատվության տարածումը դարձել է ժամանակավրեպ։ Ըստ նախարարի՝ տպագիր մամուլը կորցրել է իր նախկին տարածումն ու դերակատարությունը։

«Տպագիր մամուլում հրապարակման գործընթացը բավականին ծախսատար է, այս ամենը հանգեցնում է հանրության լայն շրջանակների համար տեղեկատվության փաստացի սահմանափակման և լրացուցիչ ծախսերի, հետևաբար տպագիր մամուլի հրապարակումները ներկայում չեն կարող համարվել արդյունավետ կամ հասանելի ձև՝ տեղեկատվության տարածման համար»,- տեղեկացրել է արդարադատության նախարարը:

Նա հավելել է, որ նախատեսվող փոփոխությունների նպատակն է վերացնել ծանուցումները, այլ բնույթի փաստաթղթային հրապարակումներից բխող տեղեկատվությունը տպագիր մամուլում հրապարակելու վերաբերյալ պարտադիր պահանջը՝ այն փոխարինելով azdarar.am հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում կամ համապատասխան կազմակերպության ինտերնետային կայքում հրապարակմամբ։

Սրբուհի Գալյանը նշել է նաև, որ գործող կարգավորումների վերանայումը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ իրավական դաշտը ներդաշնակեցնելու անհրաժեշտությամբ։

Նախագծի վերաբերյալ հարակից զեկույցով հանդես է եկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը։

Պատգամավորը ընդգծել է, որ առաջարկվող փոփոխությունները միտված են գործող օրենքների արդիականացմանը և առաջարկել է նախաձեռնությանը պատեհ պահի կողմ քվեարկել։

Քննարկման արդյունքներով հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն։

Leave a Comment