18 մարտի 2026 – 10:58 AMT
PanARMENIAN.Net – Իրանը պաշտոնապես հաստատել է, որ Ազգային անվտանգության ղեկավար, երկրի փաստացի առաջնորդ Ալի Լարիջանին սպանվել է։
Իրան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) հաստատել է կամավորական «Բասիջ» զինված կազմավորման հրամանատար Ղոլամռեզա Սուլեյմանիի մահը, հայտնում է Deutsche Welle-ն:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ Ղոլամռեզա Սուլեյմանին սպանվել է մարտի 16-ին Թեհրանում իրականացված «ճշգրիտ հարվածի» հետևանքով։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտնել էր, որ ավիահարվածի արդյունքում սպանվել է նաև Ալի Լարիջանին։ Սակայն Իրանի կողմից այս տեղեկությունների պաշտոնական հաստատումը անմիջապես չի եղել։
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ չի հրաժարվի իր հրամանատարի մահվան համար վրեժ լուծելու նպատակից: Փաստաթղթում նշվում է, որ Սուլեյմանին «զոհ է դարձել թշնամու ահաբեկչական հարձակման»:
«Բասիջ» կազմավորումը ենթարկվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին և իրականացնում է գաղափարական վերահսկողության ու ռեժիմի ներքին անվտանգության պաշտպանության գործառույթներ։ Հենց «Բասիջն» է զբաղվում Իրանում հակակառավարական բողոքի ակցիաների ճնշմամբ։ Եվրամիությունը ԻՀՊԿ-ն ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն։
Ինչ վերաբերում է Ալի Լարիջանիին, ապա The New York Times թերթի տվյալներով՝ Իսրայելի և ԱՄՆ-ի հետ պատերազմի սկսվելուց կարճ ժամանակ առաջ հենց նա է ստանձնել Իսլամական Հանրապետության փաստացի ղեկավարի գործառույթները։ Երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին 2026 թվականի սկզբին նրան հանձնարարել է ճնշել բողոքի ցույցերը և նախապատրաստել երկիրը պատերազմին։ Նա նաև կապեր է պահպանել Թեհրանի հիմնական գործընկերների՝ Ռուսաստանի, Կատարի և Օմանի հետ, ինչպես նաև վերահսկել է ԱՄՆ հետ միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունները։
Իրանը կասետային մարտագլխիկներով հրթիռներ է արձակել Թել Ավիվի ուղղությամբ՝ ի պատասխան Իրանի անվտանգության ղեկավար Ալի Լարիջանիի սպանության, հաղորդել է իրանական պետական հեռուստատեսությունը, հայտնում է «Ազատությունը»:
Հարվածի հետևանքով Թել Ավիվի խիտ բնակեցված հատվածին մոտ գտնվող թաղամասում, որտեղ նաև կարևոր ռազմական օբյեկտներ կան, երկու մարդ է զոհվել: Այդպիսով, պատերազմի ընթացքում Իսրայելում զոհերի թիվը հասել է առնվազն 14-ի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դաշնակիցների մեծ մասը տեղեկացրել է Վաշինգտոնին, որ չեն ցանկանում մասնակցել Իրանի դեմ ամերիկյան ռազմական գործողությանը։ Այս մասին նա ասել է մարտի 17-ին Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ դաշնակիցների դիրքորոշումը որակելով որպես «շատ շոկային»։
«Կարծում եմ՝ ՆԱՏՕ-ն շատ հիմար սխալ է գործում։ Բոլորը համաձայն են մեզ հետ, բայց չեն ցանկանում օգնել»,– Թրամփի խոսքերը փոխանցել է Reuters գործակալությունը։
Նույն օրը ավելի վաղ ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ դաշնակիցների նման պահվածքը իրեն չի զարմացրել, քանի որ ինքը միշտ ՆԱՏՕ-ն համարել է «միակողմանի փողոց»։
Նրա խոսքով՝ դաշինքի անդամ երկրները «ոչինչ չեն անում» Միացյալ Նահանգների համար, «հատկապես անհրաժեշտության պահին», չնայած այն հանգամանքին, որ Վաշինգտոնը նրանց պաշտպանության համար «տարեկան հարյուրավոր միլիարդավոր դոլարներ է ծախսում»։
«Մեր ռազմական հաջողությունների պայմաններում մեզ այլևս պետք չէ և չի պահանջվում ՆԱՏՕ-ի երկրների օգնությունը, այն մեզ երբեք էլ պետք չի եղել։ Նույնը վերաբերում է Ճապոնիային, Ավստրալիային կամ Հարավային Կորեային։ Իրականում, որպես ԱՄՆ՝ աշխարհի ամենահզոր երկրի նախագահ, ասում եմ՝ մեզ ոչ մեկի օգնությունը պետք չէ»,– ընդգծել է Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ դաշնակիցները հրաժարվել են պաշտպանել Հորմուզի նեղուցը Անցած շաբաթավերջին Թրամփը կոչ է արել Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Չինաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային և մի շարք այլ երկրների աջակցել ԱՄՆ-ին Հորմուզի նեղուցի ապաշրջափակման հարցում և իրենց նավատորմը ուղարկել Մերձավոր Արևելք։
«Եթե պատասխան չլինի կամ այն լինի բացասական, կարծում եմ՝ դա շատ վատ կլինի ՆԱՏՕ-ի ապագայի համար»,– ասել էր նա մարտի 15-ին Financial Times թերթին տված հարցազրույցում։
«Սա մեր պատերազմը չէ, մենք այն չենք սկսել»,– մարտի 16-ին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
Նման դիրքորոշում է հայտնել նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ նշելով, որ այդ քայլի համար իրենց երկիրը մանդատ չունի ոչ ՄԱԿ-ից, ոչ Եվրամիությունից և ոչ էլ ՆԱՏՕ-ից։
Կալասն ասել է․ «Ոչ ոք չի ցանկանում ներքաշվել պատերազմում»:
Նույն օրը Բրյուսելում անցկացվել է Եվրամիության երկրների արտգործնախարարների հանդիպումը, որտեղ, ինչպես հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, մեծամասնությունը դեմ է արտահայտվել Aspides ռազմածովային առաքելության մանդատը ընդլայնելու գաղափարին։ Այդ առաքելությունը ներկայում պաշտպանում է Կարմիր ծովում առևտրային նավերը։
«Ոչ ոք չի ցանկանում ակտիվորեն ներքաշվել այս պատերազմում, և բոլորն անհանգստացած են, թե այն ինչի կարող է հանգեցնել»,– նշել է նա։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 17-ին հայտարարել է, որ իր երկիրը չի ընտրել Իրանի դեմ պատերազմը, որը սկսել են ԱՄՆ-ն և Իսրայելը, ուստի չի մասնակցի Հորմուզի նեղուցի պաշտպանության գործողությանը։ Նրա խոսքով՝ ստեղծված խնդիրը պահանջում է ոչ թե ուժային, այլ դիվանագիտական լուծում։
ԱՄՆ ազգային հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Ջո Քենթը հրաժարական է տվել՝ նշելով, որ այդ որոշման պատճառը դարձել է Իրանի դեմ պատերազմը, հայտնում է BBC-ն:
45-ամյա Քենթը, որը Դոնալդ Թրամփի վարչակազմում համակարգել է ահաբեկչության դեմ պայքարը, Սպիտակ տանը կոչ է արել «փոխել ընթացքը»։
Ջո Քենթը եղել է Թրամփի թիմի անդամ և նրա վաղեմի կողմնակիցը։ Քենթի թեկնածությունը ԱՄՆ Սենատը հաստատել է ազգային հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի պաշտոնում անցած տարվա հուլիսին։
Նա դարձել է Թրամփի վարչակազմի ամենաբարձրաստիճան ներկայացուցիչը, որը հրապարակայնորեն քննադատել է Իրանում իրականացվող ամերիկա-իսրայելական գործողությունը։
«Իրանը մեր երկրի համար անմիջական սպառնալիք չէր ներկայացնում, և լիովին ակնհայտ է, որ մենք սկսել ենք այս պատերազմը Իսրայելի և Ամերիկայում նրա հզոր լոբբիի ճնշման տակ», — հայտարարել է Քենթը Թրամփին ուղղված նամակում, որը նա հրապարակել է X սոցիալական ցանցում։
«Մինչև 2025 թվականի հունիսը դուք հասկանում էիք, որ Մերձավոր Արևելքում պատերազմները թակարդ են, որի մեջ Ամերիկան կորցրել է մեր հայրենակիցների թանկ կյանքերը և զոհաբերել երկրի հարստությունն ու բարգավաճումը: Որպես վետերան, որը 11 անգամ մասնակցել է մարտական գործողությունների, և Ոսկե աստղի շքանշանակրի ամուսին, որը կորցրել է իր սիրելի կնոջը՝ Շենոնին, Իսրայելի կազմակերպած պատերազմում, ես չեմ կարող աջակցել` նոր սերունդ ուղարկելով մահվան մի պատերազմում, որը որևէ օգուտ չի բերում Ամերիկայի ժողովրդին»,-գրել էր Քենթը:
Քենթը ԿՀՎ հատուկ նշանակության ուժերի վետերան է։ Նրա կինը՝ Շենոն Քենթը, որը ծառայել է ռազմածովային ուժերում որպես կրիպտոլոգ, 2019 թվականին Սիրիայում զոհվել է մահապարտի հարձակման հետևանքով։
Քենթը նաև պնդել է, որ «իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները» և ազդեցիկ ամերիկացի լրագրողները տարածել են «ապատեղեկատվություն», որը խարխլել է Թրամփի վարչակազմի «Ամերիկան՝ առաջին հերթին» քաղաքականությունը։
Թրամփը Քենթի հրաժարականը մեկնաբանել է Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինի հետ հանդիպման ժամանակ։
«Ես կարդացել եմ նրա հայտարարությունը, — ասել է ԱՄՆ նախագահը։ — Ես միշտ նրան լավ մարդ եմ համարել, բայց միշտ կարծել եմ, որ նա թույլ է անվտանգության հարցերում, շատ թույլ է անվտանգության հարցերում»։
«Երբ կարդացի նրա հայտարարությունը, հասկացա, որ լավ է, որ նա հեռացել է, որովհետև նա ասել է, որ Իրանը սպառնալիք չէր ներկայացնում։ Իրանը սպառնալիք էր ներկայացնում, բոլոր երկրները հասկանում էին, թե ինչպիսի սպառնալիք էր Իրանը»,-ասել է Թրամփը:
Միևնույն ժամանակ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հայտարարել է, որ Քենթի նամակում կան «շատ պնդումներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը»։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ: