Խուզարկություն․ իրավունքներ, պարտավորություններ և կիրառելի կանոններ

Խուզարկությունը քրեական վարույթի շրջանակում իրականացվող քննչական գործողություն է, որի նպատակն է հայտնաբերել հանցագործությանը վերաբերող առարկաներ, փաստաթղթեր, տվյալներ կամ անձանց։

Այն կարգավորվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, և ունի հստակ սահմանված կանոններ, որոնց խախտումը կարող է հանգեցնել ապացույցների անթույլատրելիության։

  • Ի՞նչ է խուզարկությունը

Խուզարկությունը իրականացվում է՝

  • ապացույցներ (առարկաներ, նյութեր, փաստաթղթեր կամ տվյալներ) գտնելու,
  • հետախուզվող (քննությունից թաքնվող մեղադրյալին) անձին հայտնաբերելու,
  • արգելադրման ենթակա գույք դիակ հայտնաբերելու նպատակով։

Այն կարող է իրականացվել բնակարանում, տարածքում, անձի նկատմամբ, ինչպես նաև՝ թվային սարքերում։

  • Ձեր հիմնական իրավունքները խուզարկության ժամանակ

Եթե ձեր բնակարանում կամ տարածքում կատարվում է խուզարկություն, դուք ունեք հետևյալ իրավունքները․

  • Ներկա գտնվելու իրավունք
  • Դուք կամ ձեր ներկայացուցիչը իրավունք ունեք մասնակցելու խուզարկությանը, և այդ իրավունքը չի կարող սահմանափակվել։
    • Որոշման պատճեն ստանալու իրավունք
  • Մինչ խուզարկության սկսելը, քննիչը պարտավոր է ձեզ հանձնել խուզարկության որոշման պատճենը։
    • Գործողություններին հետևելու իրավունք
  • Դուք կարող եք հետևել քննիչի գործողություններին, ներկայացնել դիտարկումներ և պահանջել, որ դրանք արձանագրվեն։
    • Արձանագրության պատճեն ստանալու իրավունք
  • Խուզարկությունից հետո ձեզ պետք է հանձնվի արձանագրության պատճենը։

    Ի՞նչ պարտավորություններ ունի քննիչը

Քննիչը պարտավոր է՝

  • գործել միայն որոշման հիման վրա,
  • ապահովել, որ իր բոլոր գործողությունները լինեն տեսանելի,
  • վնաս չպատճառել գույքին (անհրաժեշտության սահմաններում),
  • խուզարկված առարկաները ցույց տալ, փաթեթավորել և կնքել։
  • Ինչ կարող են վերցնել խուզարկության ընթացքում

Քննիչը կարող է վերցնել՝

  • որոշման մեջ նշված առարկաները,
  • ինչպես նաև՝ ցանկացած առարկա կամ նյութ, որը՝
    • հանված է շրջանառությունից,
    • ապօրինի է,
    • կամ կարող է կապ ունենալ որևէ այլ հանցագործության հետ
  • Թվային խուզարկություն (հեռախոս, համակարգիչ)

Եթե խուզարկության ընթացքում հայտնաբերվում են էլեկտրոնային սարքեր (հեռախոս, համակարգիչ և այլն), որոնց ուսումնասիրումը նախապես նախատեսված չի եղել, ապա՝

դրանցում տվյալների ուսումնասիրությունը հնարավոր է միայն դատարանի առանձին  թույլտվությամբ։

  • Բնակարանի, տեղանքի, շենքերի և շինության խուզարկությունը
  • Մուտք գործելու հիմքը
    • Քննիչը մուտք է գործում տարածք խուզարկության որոշման հիման վրա։
  •  Եթե տիրապետողը ներկա չէ
    • Խուզարկությունը կատարվում է՝
  • համատիրության, կամ
  • տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչի ներկայությամբ։

 Մեղադրյալի մասնակցությունը

Սովորաբար խուզարկությունը կատարվում է մեղադրյալի մասնակցությամբ,
բայց կարող է բացառվել, եթե՝

  • դա անհնար է (օբյեկտիվ պատճառներով),
  • կամ նախապես տեղեկացնելը կարող է վնասել քննությանը (օր.՝ ապացույցների ոչնչացում)։

 Հարկադրաբար բացելը

Եթե դուռը կամ պահեստը չեն բացում կամովին,

  • քննիչը իրավունք ունի դրանք բացել հարկադրաբար (պարտադիր նշելով արձանագրությունում)։

 Սահմանափակումներ խուզարկության ժամանակ

Քննիչը կարող է՝

  • արգելել մարդկանց դուրս գալ տարածքից,
  • արգելել հաղորդակցությունը,
  • սահմանափակել այլ անձանց մուտքը։
  • Թվային խուզարկություն

Ի՞նչ է թվային խուզարկությունը

Սա էլեկտրոնային սարքերում (հեռախոս, համակարգիչ, կրիչներ)
պարունակվող տվյալների որոնումն է։

 Ինչպե՞ս են վերցվում տվյալները

Տվյալները՝

  • պատճենվում են այլ կրիչի վրա,
  • պահպանվում է դրանց ամբողջականությունը (որպես ապացույց)։

 Ի՞նչ տվյալներ կարող են վերցվել

Նույնիսկ եթե անմիջական կապ չունեն տվյալ գործի հետ, կարող են վերցվել տվյալներ, որոնք իրենց բնույթով կարող են առնչվել որևէ հանցագործության։

 Այլ համակարգերի հասանելիություն

Դատարանի թույլտվությամբ, խուզարկությունը կարող է տարածվել նաև այլ համակարգերի վրա, եթե՝

  • կա հիմք ենթադրելու, որ տվյալները այնտեղ են,
  • և կա դրանց կորստի վտանգ։
  • Անձնական խուզարկություն

Անձնական խուզարկությունը կատարվում է, եթե կան հիմքեր ենթադրելու, որ անձի մոտ կարող են լինել հանցագործության հետ կապված իրեր։

 Անձնական խուզարկության կարող է ենթարկվել՝

  • հանցագործության մեջ կասկածվող անձը` իրավասու մարմին կամ վարույթն իրականացնող մարմին բերելու նպատակով ազատությունից նրան փաստացի զրկելու պահին կամ բերելուց անմիջապես հետո.
  • մեղադրյալը` սույն օրենսգրքով սահմանված դեպքերում ազատությունից նրան փաստացի զրկելու պահին.
  • բնակարանում կամ այլ վայրում խուզարկությանը մասնակցող անձը, եթե այդ ընթացքում ի հայտ են գալիս հիմքեր ողջամտորեն ենթադրելու, որ այդ անձն իր մոտ կարող է ունենալ այն առարկաները, նյութերը կամ փաստաթղթերը, որոնք հայտնաբերելու նպատակով կատարվում է խուզարկությունը, կամ այնպիսի իրեր, որոնք ողջամտորեն վկայում են ենթադրյալ հանցանքի կատարման մասին:

Այն դեպքում, երբ քննիչն իրավասու չէ ներկա լինելու մերկացմամբ զուգորդվող անձնական խուզարկությանը, խուզարկվողի հագուստի մեջ կամ նրա մարմնի վրա ենթադրյալ հանցագործությանն առնչվող առարկաների, նյութերի կամ փաստաթղթերի որոնումը քննիչի հանձնարարությամբ կատարվում է բժշկության բնագավառի ձեռնհաս փորձագետի կամ խուզարկվողի հետ նույն սեռի այլ քննիչի կամ հետաքննիչի կողմից:

  • Խուզարկության արձանագրությունը

Խուզարկության արդյունքները պարտադիր ամրագրվում են արձանագրությամբ, որտեղ նշվում են՝

  • վերցված բոլոր առարկաները (քանակ, չափ, առանձնահատկություններ),
  • կամավոր հանձնված իրերը,
  • խոչընդոտման կամ թաքցնելու փորձերը (եթե եղել են)։

Խուզարկության արձանագրության պատճենն ստորագրությամբ հանձնվում է խուզարկության օբյեկտի օրինական տիրապետողին կամ նրա ներկայացուցչին, որի ներկայությամբ կատարվել է խուզարկությունը, իսկ նրանց բացակայության դեպքում` այն համատիրության կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչին, որը մասնակցել է խուզարկությանը: Անձնական խուզարկության արձանագրության պատճենն ստորագրությամբ հանձնվում է խուզարկվողին։

  • Կարևոր եզրահանգում

Խուզարկությունը խիստ կարգավորվող գործընթաց է, և յուրաքանչյուր քայլ պետք է համապատասխանի օրենքին։

Եթե խուզարկության ընթացքում՝

  • ձեզ չեն ներկայացրել որոշումը,
  • թույլ չեն տվել մասնակցել,
  • չեն կազմել պատշաճ արձանագրություն,

ապա այդ գործողությունները կարող են համարվել իրավական խախտումներ, և դրանց արդյունքում ձեռք բերված ապացույցները՝ անթույլատրելի։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։

 

Leave a Comment