Նրանք, ովքեր ոգեւորված հետեւում են Նիկոլ Փաշինյանի քայլերին եւ հիանում նրա մտքի ճկունությամբ ու նախընտրական քարոզչություն իրականացնելու հմտություններով, մոռանում են, որ այդ քարոզչությունն իրականացնելիս նա քողարկվում է ՀՀ վարչապետի լծակների տակ եւ օգտագործում պետական ռեսուրսները:
Հրապարակ թերթը գրել է․ Այսինքն, մեր բոլորի հանրային միջոցները վատնվում են ՔՊ-ի քարոզարշավի վրա: Որովհետեւ «ուրախ ավտոբուսի» շրջագայությունները բացառապես ՔՊ-ի քարոզչությանն ու առաջիկա ընտրություններին են ուղղված: Անգամ եթե այդ ավտոբուսի բենզինն իրենց գրպանից լցնեն կամ «պեռաշկիների» փողն իրենց աշխատավարձից ծախսեն, միեւնույն է` պետական ահռելի ռեսուրսներ են ծախսվում:
Ինչպես ռեսուրսներ են ծախսվում նաեւ Եկեղեցու դեմ արշավի շրջանակներում, երբ պետական ապարատն ու վարչապետական թիկնազորը, ուղեկցող մեքենաներով ու համայնքային իշխանությունների ներգրավմամբ, շրջում էին հանրապետության եկեղեցիներով եւ ուխտադրժություն քարոզում հոգեւորականների շրջանում:
Ընդ որում, վարչապետական հզոր փիառի եւ խելացի քարոզարշավի վրա հիացողները չեն էլ նկատում, որ այդ արշավն արդեն հիմնովին ձախողվել է:
Տիրադավ եպիսկոպոսներից մեկին կարգալույծ արեցին, մյուսը վերադարձավ Մայր Աթոռի գիրկը, երրորդը կամովին կոչվեց հանգստի: Մնաց 7 տիրադավ, որոնք, ըստ լուրերի, դեպրեսիայի մեջ են, չգիտեն իրենց անելիքները` ո՛չ կարող են հետ դառնալ, ո՛չ շարունակել այդ անիմաստ պայքարը` ընդդեմ կաթողիկոսի:
Եվ այդ փակուղային վիճակի ճարտարապետը Նիկոլ Փաշինյանն է, որն անհասկանալի պատերազմ հայտարարեց Եկեղեցուն ու ավանտյուրայի մեջ ներքաշեց բարձրաստիճան հոգեւորականներին:
Եվ անգամ Մայր Աթոռին հավատարիմ սրբազանների կալանավորումն ու դատապարտումն այդ պայքարի հաջողությանը չնպաստեցին:
***
Գրել էինք, որ անցած շաբաթ ՔՊ վարչությունը «մեղադրյալի աթոռին է նստեցրել» Վայքի տարածքային կառույցի անդամ Հայկ Ավագյանին, որին կասկածել են ներկուսակցական ընտրությունների ժամանակ զեղծարարությունների մեջ: Գտել են, որ նա չէր կարող ազնիվ պայքարում տեղ զբաղեցնել պատվավոր 50-րդ հորիզոնականում:
Ճիշտ է` նա ստիպված էր իր տեղը զիջել քվոտայով խորհրդարան անցնող կանանց, որ կատարվի օրենքի պահանջը։ Հայկ Ավագյանին հրավիրել են ՔՊ վարչություն եւ անորոշ կասկածների հիման վրա մեղադրանքներ առաջադրել, թե` դու չէիր կարող այդքան ձայն հավաքել, հաստատ՝ ուղղորդել ես պատվիրակներին:
Մոտավորապես այս տեքստով, որ դու` շարքային կուսակցականդ, ինչպե՞ս կարող էիր ընտրյալների հետ ոտք գցել։ Սակայն քանի որ որեւէ կոնկրետ ապացույց չկա Ավագյանի դեմ, թեպետ ողջ կուսակցությանը մոբիլիզացրել են, որ ապացույցներ հայտնաբերեն, ուստի որոշել են նրան թողնել ցուցակում` չհեռացնել, ինչպես արեցին Դավիթ Դանիելյանի եւ Կարեն Գրիգորյանի դեպքում, որոնց դեմ իրեղեն ապացույցներ են եղել։
