Խորթ մայրը երեխային ծեծել է գրեթե 2 ամիս․ ԳԴ-ն կալանքի միջնորդություն է ներկայացրել

Մեկ տարեկան երկու ամսական երեխային ծեծի ենթարկած խորթ մոր նկատմամբ Գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել և նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան, Armenia Today-ը տեղեկացել է դատախազությունից։

Կնոջ նկատմամբ հանրային քրհետապնդում է հարուցվել ֆիզիկական ներգործության արդյունքում պատճառված ֆիզիկական ուժեղ ցավի, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով։

Մասնավորապես, քրհետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 7 տարով-խմբ․) և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ սպանության փորձ, առավելագույն պատիժն ազատազրկում՝ մինչև 20 տարի-խմբ․)։

Դատախազությունից հայտնել են, որ երեխայի հոր երկրորդ կինը փոքրիկի նկատմամբ ֆիզիկական ներգործություն է գործադրել գրեթե 2 ամիս՝ հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում։ Դատախազության տվյալներով՝ ֆիզիկական ներգործությունը կատարվել է պարբերաբար։

Մարտի 16-ին ԶԼՄ-ները գրել էին, որ Արարատի մարզից «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» ԲԿ է տեղափոխվել մեկ տարեկան երկու ամսական տղա երեխա։ Իրավապահներն Armenia Today-ին հայտնել էին երեխայի սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող անձի ձերբակալության մասին։ Դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում քրեական վարույթ էր նախաձեռնվել։ Մարտի 18-ին «Արաբկիր» ԲԿ-ից տեղեկացրել են, որ երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։

Leave a Comment