Վրաստանում սուգ է հայտարարվել կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի մահվան կապակցությամբ: Կառավարության հրամանի համաձայն՝ պետական դրոշները կիջեցվեն ամբողջ երկրի վարչական շենքերի վրա, հայտնում է Ekhokavkaza-ն:
«Ի սրտե ցավակցություն եմ հայտնում վրաց ժողովրդին այս մեծ կորստի կապակցությամբ, որի նմանը ես չեմ հիշում իմ կյանքում։ Վրաստանն այլ կլինի վաղվանից։ Մեզ բոլորիս համար չափազանց դժվար է լինելու առանց մեր սիրելի պատրիարքի», – հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Միխայիլ Սարջվելաձեն:
Կյանքի 94-րդ տարում Թբիլիսիում մարտի 17-ին վախճանվել է Համայն Վրաստանի կաթողիկոսը:
Վրաց եկեղեցու պատրիարքը (աշխարհիկ անունը՝ Իրակլի Շիոլաշվիլի) ծնվել է 1933 թվականին։ Աստվածաբանական կրթություն ստանալուց հետո, այդ թվում՝ Մոսկվայի աստվածաբանական ակադեմիայում, նա իր կյանքը նվիրել է եկեղեցուն ծառայելուն։ 1950-ական և 1960-ական թվականներին հոգևորականից բարձրացել է մինչև եպիսկոպոս, ապա՝ մետրոպոլիտ։
Իլիա Երկրորդը Վրաստանի կաթողիկոս-պատրիարք էր ընտրվել 1977 թվականին։
Նա մարտի 17-ի առավոտյան տեղափոխվել էր Թբիլիսիի «Կովկաս» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։
