Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնից հեռացված Էդիտա Գզոյանը մնալու է թանգարան-ինստիտուտում որպես գիտաշխատող, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Պարբերականի փոխանցմամբ՝ թեպետ տեղեկություններ կային, որ հնարավոր է՝ Գզոյանը զբաղեցնի տնօրենի տեղակալի պաշտոնը, սակայն նա չի զբաղեցնի ղեկավար պաշտոն։
Թերթը թանգարանի աշխատակազմից տեղեկացել է, որ Գզոյանը արձակուրդ է մեկնել, մայիսին նոր կվերադառնա աշխատանքի, սակայն մտահոգություն կա, որ իշխանության այդ քայլը հենց ինստիտուտի դեմ է ուղղված։
Գզոյանի հրաժարականից (փետրվարի 20) հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին հաստատել էր, որ անձամբ է պահանջել նրա հրաժարականը, երբ տեղեկացել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի «Ծիծեռնակաբերդ» այցի ժամանակ տնօրենը նրան Արցախի հարցի մասին գրքեր է նվիրել։
