Միրզոյանը և Օմանի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Օմանի ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդին քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նշվում է, որ իրավիճակի հանգուցալուծման հարցում ընդգծվել է դիվանագիտությանն առաջնահերթություն տալու կարևորությունը։ Կողմերը մտահոգություն են հայտնել քաղաքացիական օբյեկտների խոցման և դրա հետևանքով գրանցված զոհերի առնչությամբ։

Նախարարները քննարկել են նաև Հայաստանի և Օմանի միջև համագործակցության զարգացման հարցերի լայն շրջանակ։

Օմանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել ՀՀ ԱԳ նախարարի որոշումն այցելել Մասկատ՝ չնայած տարածաշրջանային ներկայիս բարդ իրավիճակին՝ այցը որակելով որպես պատմական։

Միրզոյանն իր երախտագիտությունն է հայտնել այցի կազմակերպման և հատկապես ՀՀ ռեզիդենտ դեսպանության բացման հարցում ցուցաբերած պատրաստակամության և աջակցության համար՝ ընդգծելով, որ այցն արտացոլում է ՀՀ մեծ հետաքրքրությունը զարգացնել բազմաշերտ հարաբերություններ Օմանի և ընդհանուր առմամբ տարածաշրջանի երկրների հետ։

ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել նաև փետրվարի 28-ից գործարկված Մասկատ-Երևան ութ ուղիղ չվերթների կազմակերպման հարցում արդյունավետ փոխգործակցության համար, որոնց միջոցով ՀՀ է վերադարձել շուրջ 550 ՀՀ քաղաքացի։

Միրզոյանը և Ալ-Բուսաիդինը ստորագրել են արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մասին փոխըմբռնման հուշագիր:

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) հայտարարել էր Իսրայելի վրա հարձակման լայնածավալ պատասխան գործողության մասին: Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում ԱՄՆ թիրածներին: Հակամարտությունից տուժել են տարածաշրջանի բոլոր երկրները։

Leave a Comment