Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Թելեգրամի իր ալիքում գրում է. «ԱՄՆ՝ ահաբեկչության դեմ պայքարի ազգային կենտրոնի ղեկավար Ջո Քենթը հայտարարել է իր հրաժարականի մասին: Քենթը ասել է, որ այդ քայլին է դիմում Իրանի հարցում վարվող քաղաքականության հետ անհամաձայն լինելու պատճառով: Նա նշել է, թե չի կարող հանգիստ խղճով պաշտպանել Իրանի դեմ պատերազմը: Ըստ նրա, Իրանը չէր ներկայացնում սպառնալիք Նահանգների համար եւ ակնհայտ է, որ պատերազմի մեջ ԱՄՆ մտել է Իսրայելի դրդմամբ եւ իսրայելական լոբբիի ազդեցությամբ:
Քենթի հրաժարականն ուշագրավ է, և առաջացնում է հարց, թե արդյո՞ք դա կարող է լինել շղթա, որի շրջանակում հրաժարական կներկայացնեն Իրանի դեմ պատերազմի հարցում Թրամպի քաղաքականությունը չողջունող պաշտոնյաները:
Կարո՞ղ են օրինակ հաջորդը լինել Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը եւ փոխնախագահ Վենսը: Թուլսի Գաբարդը չի խոսում Իրանի դեմ պատերազմի մասին, բայց նաեւ հայտնի է, որ ամերիկյան հետախուզությունը Թրամպին ներկայացրել է տվյալներ, որոնք չեն պարունակել պատերազմի անհրաժեշտության ռեկոմենդացիա:
Իսկ այն, որ փոխնախագահ Վենսը դեմ է եղել պատերազմին, ըստ էության, խոստովանել է ինքը Թրամպը, և անուղղակի խոստովանել է նաեւ Վենսը: Երբ նրան հարցրին օրերս, թե ճի՞շտ է արդյոք, որ պատերազմից առաջ փակ քննարկմանը ինքը դեմ է արտահայտվել պատերազմին, Վենսը չհերքեց, այլ ընդամենը հայտարարեց, թե փակ սենյակում տեղի ունեցածի մասին չի հայտնի ոչինչ:
Արդյո՞ք Թրամպի վարչակազմից կանջատվի մի կորիզ, որը 2028-ի նախագահի ընտրությանը կդառնա Հանրապետական կուսակցության հավակնորդ թիմ, օրինակ փոխնախագահ Վենսի գլխավորությամբ: Իհարկե մեկ հրաժարականի պայմաններում հազիվ թե կարող ենք անել այդքան հեռուն գնացող դատողություններ, բայց համենայն դեպս հետաքրքիր կլինի հետեւելը»: