Անսովոր և տարօրինակ հոտով մոլորակ. որն է պատճառը

Անսովոր և տարօրինակ հոտով մոլորակ. որն է պատճառը

Աստղագետները, օգտագործելով James Webb Space Telescope-ը, ուսումնասիրել են մի անսովոր մոլորակ, որը գտնվում է մեր Արեգակնային համակարգից դուրս։ Մոլորակը ամենայն հավանականությամբ, ունի փտած ձվի հոտ, և բացահայտումը ցույց է տալիս, որ տիեզերքում գոյություն ունեցող մոլորակների բազմազանությունը շատ ավելի մեծ է, քան նախկինում կարծում էին։ Խոսքը L 98-59 d անունով էկզոմոլորակի մասին է, որը պտտվում է փոքր կարմիր աստղի շուրջ՝ Երկրից մոտ 35 լուսատարի հեռավորության վրա։ Այն մոտ 1.6 անգամ մեծ է Երկրից, սակայն ունի շատ փոքր խտություն։ Նրա մթնոլորտը հարուստ է ծծմբաջրածնով՝ գազով, որը հայտնի է իր բնորոշ՝ փտած ձվի սուր հոտով։ Գիտնականները նշում են, որ թեև այս մոլորակը կյանքի համար պիտանի չէ, այն ցույց է տալիս, թե որքան տարբեր և անսովոր կարող են լինել տիեզերքի աշխարհները։ 

Այս բացահայտումը նաև նոր հարց է առաջ բերում՝ ինչպիսի չբացահայտված մոլորակներ են դեռ թաքնված տիեզերքում։ Հետազոտողները համակարգչային մոդելավորման միջոցով վերակառուցել են այս մոլորակի գրեթե 5 միլիարդ տարվա պատմությունը։ Պարզվել է, որ նրա ներսում կա հալված սիլիկատային շերտ և ամբողջ մոլորակը ծածկող մագմայի օվկիանոս։ Այս մագման երկար ժամանակ կլանել է ծծումբը, որը հետագայում արտազատվել է մթնոլորտ՝ ձևավորելով ծծմբով հարուստ գազային շերտ։ Հենց այս մագմայի «պահոցը» նաև օգնել է մոլորակին պահպանել իր մթնոլորտը՝ չնայած աստղից եկող ուժեղ ճառագայթմանը։  Գիտնականների կարծիքով, այս մոլորակը սկզբում կարող էր լինել շատ ավելի մեծ, սակայն ժամանակի ընթացքում փոքրացել և սառել է՝ մասամբ կորցնելով իր մթնոլորտը։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment